Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

13.06.2017

 Հունիսի 13-ին մարզպետ Արամայիս Գիրգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել տրված հանձնարարականների վերաբերյալ, իրենց ոլորտների ընթացիկ խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։ Հարցերը վերաբերել են կրթության, գյուղատնտեսության, սոցիալական, ֆինանսական և այլ ոլորտներին։

Խորհրդակցության մասնակիցներին մարզպետ Ա.Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին մարզ է այցելելու ՀՀ կրթության և գիտության նախարար Լ.Մկրտչանը: Այցի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հանդիպում՝ մարզային և նախարարության ենթակայության կրթական հաստատությունների ղեկավարների և ոլորտի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Խ.Աղաբեկյանը կներկայացնի դպրոցներում առկա իրավիճակը, գերազանց և միջին առաջադիմությամբ շրջանավարտների մասին տեղեկատվություն, բնագավառի վերաբերյալ հարցեր և հիմնախնդիրներ, իսկ ուսումնական հաստատությունների տնօրենները հնարավորություն կստանան նախարարի քննարկմանը ներկայացնել ոլորտի մտահոգիչ խնդիրները և բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները: Մարզպետը հանձնարարել է լրջորեն և հանգամանորեն նախապատրաստվել նախատեսվող այցին:

Մարզպետ Ա.Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարել է նաև հավուր պատշաճի կազմակերպել մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի մահվան տարելիցի միջոցառումները:

Անդրադառնալով մարզի անապահով խավի, զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներին ամառային ճամբարներ հանգստի ճանապարհելու կազմակերպմանը՝ մարզի ղեկավարն ընդգծել է դրան մեծ պատասխանատվությամբ մոտենալու խիստ անհրաժեշտությունը: Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է ապահովել երեխաների անվտանգ ու ապահով տեղափոխումը՝ պատասխանատուների, բժշկական անձնակազմի և ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Դալար համայնքում մշակովի բույսերի հիվանդություններին առնչվող հարցերը։ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին մարզպետ Ա.Գրիգորյանը հանձնարարել է հիվանդությունների առաջացման պատճառների, նոր վնասատուների ուսումնասիրման և դրանց դեմ պայքարի միջոցներ գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում ընդգրկել նեղ մասնագետների առավել մեծ շրջանակ և զեկուցել արդյունքների մասին։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքներում աղբահանության արդյունավետ իրականացմանը:Շրջայցերի ընթացքում համայնքներում մաքրման աշխատանքներ չիրականացրած համայնքների ղեկավարների նկատմամբ օրենքի սահմաններում կկիրառվեն տույժեր և տուգանքներ:

Խորհրդակցության ավարտին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են նոր հանձնարարականներ, պահանջվել է խիստ հսկողության տակ պահել փաստաթղթերի և հանձնարարականների կատարման համար սահմանված ժամկետները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18