Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արամայիս Գրիգորյանն ընտրվել է Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ

14.06.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին։ Այցի նպատակն է եղել մասնակցել մարզի շախմատի ֆեդերացիայի նիստին, նոր նախագահի ընտրությանը, ինչպես նաև մարզպետի հետ քննարկել մարզում շախմատի զարգացմանն ուղղված հարցերը,առաջիկա անելիքները,առկա խնդիրների լուծման ուղիները:

Սմբատ Լպուտյանի վարած նիստին մասնակցել են ՀՀ շախմատի ակադեմիայի մասնաճյուղի մարզիչները: Նիստի աշխատանքներին ներկա են գտնվել նաև մարզպետարանի  պաշտոնյաներ:

Սմբատ Լպուտյանն առաջարկել է մարզային ֆեդերացիայի նախագահ ընտրել մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝ նշելով, որ մարզպետի լիազորությունների և հնարավորությունների լայն շրջանակն էլ ավելի կնպաստի մարզում շախմատի զարգացմանը: Մարզպետը շնորհակալություն է հայտնել և սիրով ընդունել առաջարկը՝ նշելով, որ դեռ մանկուց   շատ է  սիրել շախմատը, բայց ժամանակի սղության պատճառով այժմ հազվադեպ է խաղում:

Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի նիստի ընթացքում  նախագահ է ընտրվել Արամայիս Գրիգորյանը։ Սմբատ Լպուտյանը,  շնորհավորելով նորանշանակ նախագահին, ցանկացել է նրան աշխատանքային հաջողություններև նորանոր ձեռքբերումներ այս բնագավառում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ս. Լպուտյանը, կարևորելով մարզաձևի շարունակական զարգացումն ու հաշվի առնելով Արարատի մարզի ակտիվությունն ու մարզային ֆեդերացիայի լավ աշխատանքը, պատանի շախմատիստների կողմից   ոչ միայն հանրապետական, այլև միջազգային մրցաշարերում արձանագրած գերազանց արդյունքները, խիստ անհրաժեշտ է համարել մարզկենտրոն Արտաշատում շախմատի դպրոցի հիմնելու փաստը: Այս խնդիրը լուծելով՝  մարզի ավելի շատ երեխաներ հնարավորություն կստանան մեծ հաջողությունների հասնել, ինչպես նաև պահպանել ու զարգացնել արդեն ունեցած ձեռքբերումները:

Մարզպետ Ա.Գրիգորյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրեն մարզի շախմատի ֆեդերացիայի  նախագահ ընտրելու համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու  շախմատի դպրոցի ստեղծմանն ու շախմատի բնագավառում ծառացած խնդիրների լուծմանը: Մարզի ղեկավարը վստահեցրել է, որ ամեն ինչ կանի մարզի  բարի համբավը պահպանելու և  ձեռքբերումները կրկնապատկելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցներում <<Շախմատ>> առարկա դասավանդող մասնագետներով, դասասենյակներով և մարզագույքով ապահովվելուն, համայնքներում գործող շախմատային խմբակների գործունեության համար տարածքների տրամադրմանը, շախմատային մրցաշարերի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող    հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36