Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզ է այցելել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը

20.06.2017

Հունիսի 20-ին Արարատի մարզպետարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։
Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարին աշխատանքային այցի համար և ավելացրել, որ Լևոն Մրտչյանի հետ կայացած յուրաքանչյուր հանդիպում մշտապես անցել է բարձր մակարդակով և նպաստել կրթության ասպարեզում առաջացած խնդիրների լուծմանը։
Արարատի մարզպետի կողմից ներկայացված օրակարգի համաձայն՝ առաջինը ելույթ է ունեցել Սմբատ Լպուտյանը։ Շախմատի ակադեմիայի նախագահը նախ անդրադարձել է դպրոցում <<Շախմատ>> առարկայի դասավանդմանն ու այս ոլորտում առկա խնդիրներին։ Շեշտելով, որ Հայաստանի հանրապետությունը միակ երկիրն է, որտեղ շախմատը դասավանդվում է որպես առարկա և ընդգրկված է կրթական գործընթացներում՝ Սմբատ Լպուտյանն ավելացրել է, որ կրթական ոլորտում այս ուղղությամբ իրականացվելիք հետազոտությունների, քննարկումների ու նորամուծությունների շնորհիվ կարող ենք հասնել էլ ավելի բարձր արդյունքի, որի մաս է կազմում նաև ՀՊՄՀ-ում համապատասխան ֆակուլտետի առկայությունն ու որակյալ կադրերի պատրաստումը։ Սմբատ Լպուտյանը նաև հորդորել է տնօրեններին առարկայի դասավադման համար կադրեր ընտրելիս ուշադրություն դարձնել կրթությանը, գիտելիքին ու որակավորմանը, ինչու ոչ՝ այս ընթացակարգը համաձայնեցնելով նաև շախմատի մարզային ֆեդերացիայի մասնագետ անդամների հետ։
Խորհրդակցությանը հաջորդիվ զեկույցով և առաջարկներով հանդես է եկել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը։ Խ․Աղաբեկյանը ներկայացրել է 2016-17թ․ մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, որոնք վերաբերել են <<Դպրոցական սնունդ>> ծրագրին, աշակերտների գերազանց առաջադիմությանն ու ներառական կրթությանը։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, դիմելով ԿԳ նախարարին, առաջարկ է ներկայացրել ուսուցիչների ատեստավորման ընթացակարգի վերաբերյալ, դպրոցների կառավարման խորհուրդների անդամների կրթական ցենզի, դպրոցներում դասավանդվող առարկաների ծավալի կրճատման ուղղությամբ։
Այնուհետև, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին հանդիպումը կազմակերպելու համար և շեշտել, որ 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու համար մեր նպատակը պետք է մեկ լինի։ ԿԳ նախարարն անդրադարձել է բազմափորձ ու հարուստ հայկական կրթական ավանդույթներին ու հայի նորարարական մտածողությանը՝ շեշտելով իրենց ինքնատիպությամբ և մարտահրավերներով աչքի ընկնող <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Դիլիջանի միջազգային դպրոցի առկայության փաստը։ Լևոն Մկրտչյանը կրթության զարգացման համար խիստ կարևորել է ուսուցչի դերի ու հեղինակության արժևորման վերականգնման ու ամրապնդման հարցը, նաև ավելացրել, որ դպրոցում պետք աշխատեն միայն գիտակ, կիրթ ու իսկապես մանկավարժական կարողություններ ունեցող մասնագետներ։ Կրթության և գիտության նախարարը անդրադարձել է <<Թումո>> -ն գյուղական համայնքներ իջեցնելուն, այն է՝ ծրագիրը մասսայականացնելուն, դպրոցների օպտիմալացման հնարավոր ուղիներին և կրթական ոլորտի այլ հարցերի ևս։
ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, իր հերթին անդրադարձ կատարելով դպրոցական առարկանների բեռնաթափման, 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ծրագրային դրույթներին և ուսումնական պլանի ճկուն ու արդյունավետ իրականացմանը, ավելացրել է նաև, որ այս ուղղությամբ ԿԱԻ-ում մշտապես կազմակերպվում են քննարկումներ և կատարվում ուսումնասիրություններ, որոնցում ներգրավվում են դպրոցի տնօրենները, ուսուցիչներն ու ԿԱԻ մասնագետները։
Խորհրդակցության ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրերին և ներկաներին հանդիպմանը ներկա գտնվելու համար և ավելացրել, որ առաջիկայում էլի կկազմակերպվեն նմանօրինակ հանդիպումներ, իսկ առաջարկների և քննարկումների համար, անհրաժեշտության դեպքում, կստեղծվեն աշխատանքային խմբեր։
Հանդիպման ավարտին մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մի շարք տնօրեններ մարզպետի կողմից արժանացել են պատվոգրերի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:37:46