Նորություններ
Վարչական հսկողության արդյունքների քննարկում Արարատի մարզպետարանում
23.06.2017
Հունիսի 22-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մոտ կայացել է քննարկում համայնքներում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալներ Հայրապետ Բաբայանը և Աշոտ Վարդանյանը։
Համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու նպատակով մինչ այդ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանի գլխավորությամբ։ Խմբի աշխատանքները կոորդինացնում է Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը։ Աշխատանքային խմբի գործունեությունն ուղղված է համայնքների ղեկավարներին ու աշխատակազմի ղեկավարներին մեթոդական ուղղություն ցույց տալուն և աշխատանքների իրականացման ընթացքում նրանց ուղղորդմանը։
Հունիսքսաներկուսյան հանդիպման ընթացքում քննարկման են ներկայացվել Արարատի մարզի 3՝ Գետազատ, Դվին և Վերին Դվին համայնքներում առաջին և երրորդ եռամսյակներում իրականացված հսկողության արդյունքները։ Աշխատանքային խմբի ղեկավարը զեկույց է ներկայացրել իրականացված հսկողության արդյունքների մասին՝ խոսելով համայնքներում հայտնաբերված հիմնական թերացումների ու բացթողումների մասին։ Թերացումներն առավելապես վերաբերել են ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված որոշումների և ՏԻՄ օրենքով նախատեսված մի շարք օրենքների փոփոխություններին, որոնք համայնքներում դեռևս չեն հասցրել տեղայնացվել։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը քննարկման ավարտին հանձնարարել է համակարգված աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների ու աշխատակազմի ղեկավարների հետ վերոհիշյալ որոշումներն ու փոփոխությունները տեղայնացնելու ուղությամբ։ Ինչպես նաև սահմանվել են վերջնաժամկետներ թերացումները վերացնելու և ԳԵտազատ, Դվին, Վերին Դվին համայնքներում աշխատանքային խմբի հանձնարարականներն ամփոփելու համար։ Հավելենք նաև, որ առաջիկա աշխատանքային շաբաթվա ընթացքում նույն պարբերականությամբ կկայանան մյուս 9 համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների քննարկումները։