Նորություններ
Շարունակվում են Հնաբերդ-Վերին Արտաշատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները
09.08.2017
ՀՀ պետական բյուջեից հատկացվող գումարներով մարզում իրականացվող ասֆալտապատման և շինարարական աշխատանքների ընթացքը գտնվում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի անմիջական հսկողության ներքո: Աշխատանքներին հետևելու և վերահսկողություն իրականացնելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության մասնագետները պարբերաբար այցելում են շինարարական հրապարակներ:
Այսօր մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Էդիկ Ավետիսյանը և վարչության աշխատակիցները կրկին այցելել են Հնաբերդ համայնք՝ հետևելու Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ մարզային նշանակության ավտոճանապարհի Հնաբերդ-Վ.Արտաշատ (դեպի Դվինի հնավայր տանող) ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքին։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր հուլիսի 21-ին: Ասֆալտապատումն իրականացվում է մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով և ՀՀ պետական բյուջեով Արարատի մարզպետարանին հատկացված գումարով:
Չնայած շոգ եղանակային պայմաններին , ճանապարհահատվածի հիմնանորոգումն ընթանում է պլանավորված ժամանակացույցով: Արդեն կատարվել են ծածկի քանդման, խճապատման և 400 մ ասֆալտապատման աշխատանքները: Հիմնանորոգումն իրականացնող <<ՇԻն Պլյուս>> ՍՊԸ-ն նախատեսում է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև օգոստոսի 15-ը։
Համայնքի ղեկավար Մարատ Պողոսյանի տվյալներով Հնաբերդում շուրջ 40 տարի ասֆալտապատում չի իրականացվել: Ճանապարհի այս հատվածի անմխիթար վիճակը լուրջ դժվարություններ էր առաջացնում բնակչության շրջանում և Դվինի հնավայր ուղևորվող զբոսաշրջիկներին: