Նորություններ
Մարզպետը ցավակցություն է հայտնել դերասանուհի Գրետա Գալստյանի մահվան կապակցությամբ
15.08.2017
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր և մարզպետարանի աշխատակազմի անունից այսօր ցավակցական հեռագիր է հղել Գալստյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գրետա Գալստյանի մահվան կապակցությամբ: Մարզպետը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
«Ցավով տեղեկացա վաստակաշատ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գրետա Գալստյանի մահվան մասին:
Գրետա Գալստյանը, որպես դերասան, նշանակալի ավանդ է ներդրել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կայացման և զարգացման գործում` արժանիորեն մեծ ժողովրդա¬կանություն և սեր վայելելով թատերասերների շրջանում: Նա տարիներ շարունակ բազում կերպարներ է կերտել Հայաստանի և այլ երկրների բեմերում», - ասված է մարզի ղեկավարի ցավակցական հեռագրում:
Վաստակաշատ դերասանուհին 1960թ-ից աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Կերտել է ավելի քան 100 դեր, որոնցից են` Սոնա, Սուսան, Մարթա` Ալ. Շիրվանզադեի «Նամուս», «Քաոս», Պոլիքսենի` «Գայթակղություն», Բագո` «Իրարանցում Բագոյի տանը» ներկայացումներում և այլն: Նկարահանվել է «Կարմիր Մոսկվիչ», «Վերջին Մոհիկյանը» ֆիլմերում: