Նորություններ
Մշակույթի նախարարն այցելել է Արարատի մարզ
17.08.2017
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն օգոստոսի 16-ին այցելել է Արարատի մարզ: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Դվինի հնավայրի տարածքում, ծանոթացել նրա առանձնահատկություններին, զբոսաշրջային գրավչության և մատչելիության աստիճանին, տեղում կատարված և իրականացվելիք շինարարական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ: Պատմամշակութային համալիրն առավել գրավիչ դարձնելու համար առաջիկայում նախատեսվում է իրականացնել թանգարանի նորոգման, տեղեկատվական ցուցանակների տեղադրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Այնուհետև նախարարը և մարզպետը ծանոթացել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման աշխատանքներին: 2016 թվականի հոկտեմբերին սկսված թատրոնի հիմնանորոգումը նախատեսված էր ավարտին հասցնել 2017 թվականի հուլիսի 31-ին: Ընդգծելով աշխատանքները պատշաճ որակով և առանց թերությունների կատարելու կարևորությունը՝ նախարարը և մարզպետը պատասխանատուներին հանձնարարել են աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում: