Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

21.08.2017

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության սկզբում մարզպետ Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է Արարատի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարականներին: Դրանց կատարման ընթացքի մասին ամփոփ տեղեկատվություն են ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը և ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետը հանձնարարել է որոշ հանձնարարականների կատարման արդյունքներն ամփոփելու համար նորից քննարկում կազմակերպել:

Անդրադառնալով օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի Արարատի մարզ այցին, մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանից պահանջել է պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել այցի ընթացքում բնակիչների կողմից բարձրացված հարցերի և խնդիրների լուծման ուղղությամբ տարված աշխատանքների մասին և սեղմ ժամկետում խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստել: Արամայիս Գրիգորյանը   վարչության մասնագետներին հանձնարարել է գյուղացիական տնտեսություններին և վերամշակող գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին հնարավորինս տեղեկացնել գյուղնախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրի մասին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել խորհրդակցություններ, մեթոդական օգնություն ցուցաբերել՝ տրված հնարավորությունները ճիշտ և արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Խաղողի մթերումը մարզում սահուն կազմակերպելու նպատակով մարզի ղեկավարը հանձնարարել է տեղեկատվություն հավաքագրել գյուղացիական տնտեսությունների և գործարանների միջև կնքված պայմանագրերի վերաբերյալ, որից հետո մարզպետի ու վերամշակող գործարանների սեփականատերերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել, որտեղ կքննարկվեն մթերման գործընթացի կազմակերպման, բերքի ընդունման պայմանների, գնային քաղաքականության վերաբերյալ հարցերը, առկա խնդիրների լուծման ճանապարհները:

Այնուհետև աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը համառոտ տեղեկատվություն է ներկայացրել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին,ինչպես նաև զեկուցել. որ վարչությունը նախապատրաստել է մարզի նմանատիպ համայնքների բյուջեների համեմատական վերլուծությունը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում ուսումնական տարվա սկզբին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին։Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը զեկուցել է , որ արդեն ավարտվել է դասագրքերի ստացման և սկսվել դրանց դպրոցներին բաշխման գործընթացը, որը կավարտվի օգոստոսի 26-ին: Արամայիս Գրիգորյանը պատասխանատուներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում՝ բացառելու անտեղի դրամահավաքությունները և աշակերտների դասագրքերի անվճար տրամադրման կարգի խախտումները:Մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարվել է նաև ներկա գտնվել սեպտեմբերի 1-ին դպրոցներում անցկացվող միջոցառումներին:

Արամայիս Գրիգորյանը խորհրդակցության ընթացքում խոսել է մարզի համայնքներում իրականացվող աղբահանության մասին և խստորենս զգուշացրել, որպեսզի պատասխանատուները լինեն ուշադիր, կատարեն ստուգողական այցեր և ահհրաժեշտության դեպքում աշխատանքներում թերացողներին օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսեն: Քաղաքաշինության բնագավառի պատասխանատուները ստացել են նաև շինարարական ծրագրերով կատարվող ընթացիկ աշխատանքների հետ կապված հանձնարարականներ։ Մարզի ղեկավարը քաղաքաշինության վարչության պետին խիստ պատվիրել է չափազանց ուշադիր լինել և մանրակրկիտ ուսումնասիրել կատարված աշխատանքների որակը. չափորոշիչներից և նախագծերով նախատեսված աշխատանքներից շեղվելու դեպքում պատասխանատուներին սահմանված կարգով պարտադիր ներկայացնել տույժերի և տուգանքների:

Այնուհետև առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների ուղղությամբ մարզում տարվող աշխատանքները: Զեկուցելով բուժհաստատություններում վճարովի ծառայություններից ստացված գումարների չափերի ավելացման մասին, նա տեղեկացրել է, որ ճիշտ քաղաքականության վարման արդյունքում Մասիսի բժշկական կենտրոնում նկատելի առաջընթաց է արձանագրվել, և փորձը կտեղայնացվի մարզային առողջապահական մյուս հաստատություններում: Մարզպետը առողջապահության պատասխանատուներին հանձնարարել է մարզպետարանի ենթակայության բուժհիմնարկներում վերանայել տարածքների վարձակալության պայմանագրերում նշված գների չափը, մշակել և կիրառել այնպիսի նորարարական մոտեցումներ, որոնց շնորհիվ նվազագույնի կհասցվեն կոռուպցիոն ռիսկերը, կավելանա մարզային բժշկական կենտրոնների այցելուների թիվը, կբարձրանա բժշկական ծառայությունների մատուցման որակը։

Խորհրդակցության ընթաքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս, տրվել նոր հանձնարարականներ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կրկին զգուշացրել է չափազանց ուշադիր լինել հանձնարարականների կատարման ժամկետներին, ամենայն պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքային գործառույթների իրականացմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31