Նորություններ
Մարզպետը ընդունել է Հայաստանում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրենին
30.08.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանին: Այցի նպատակն է եղել մարզպետին ներկայացնել հիմնադրամի գործառույթները, ինչպես նաև շահագրգիռ առաջարկներ անել ջերմոցային տնտեսության, մրգերի և բանջարեղենի վերամշակման, պահածոյացման և այլ ենթաոլորտներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ:
Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է մարզպետին, որ սա առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղական ուղղվածություն ունեցող ՓՄՁ-ներում՝ միաժամանակ տրամադրելով նաև կառավարչական աջակցություն, որն էլ հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ներին բարելավել իրենց մրցակցային դիրքերը և դրանով էլ խթանել գյուղական տարածքների արագ զարգացումը:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է Արարատի մարզում գործունեություն ծավալելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել օժանդակելու աշխատանքների կազմակերպմանը: Մարզպետը նաև հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում հանդիպում կկազմակերպվի մարզի ձեռնարկատերերի հետ՝ համագործակցության պայմանների մանրամասները քննարկելու և փոխշահավետ լուծումներ գտնելու համար:
Հիմնադրամի տնօրենը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և աջակցության համար, ընդգծել, որ արդյունավետ համագործակցությունը կխթանի մարզում գյուղատնտեսության զարգացումը և կնպաստի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը: