Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

30.08.2017


Օգոստոսի 29-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է ՀՀ Արարատի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Օգոստոսյան ավանդական խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչ Կարո Նասիբյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Իլիչ Շադյանը, մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհավորել է ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Այնուհետև մարզպետը խոսքը տրամադրել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանին, ով հանդես է եկել Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 2016-2017 ուումնական տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա խնդիրների մասին զեկուցումով:
Հակիրճ ներկայացնելով իրականացված աշխատանքները, նվաճումները և հաջորդ ուսումնական տարվա ծրագրերն ու անելիքները` Խ.Աղաբեկյանը նշել է, որ զեկույցն ամբողջությամբ տեղադրված է մարզպետարանի կայքում: Վարչության պետը հիմնականում խոսել է նախնական կոմպլեկտավորման, դպրոցների աշակերտների թվի, աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության, ուսուցիչների ուսումնական միջին ծանրաբեռնվածության, մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման, դպրոցների շենքային պայմանների, <<Դպրոցական սնունդ>> ծրագրի, աշակերտների առաջադիմության, առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի արդյունքների և կատարված ու նախատեսվելիք այլ աշխատանքների մասին: Անդրադառնալով մարզի հանրակրթական դպրոցներում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ նա առաջարկություններ է ներկայացրել փոխնախարարին,որոնք հիմնականում եղել են դպրոցի տնօրենների նշանակման և ազատման իրավունքը մարզպետին վերապահելու, ուսուցչի մրցույթի անցկացման, ատեստավորման և վերապատրաստման կարգերը վերանայելու, օրինակելի ուսումնական պլանում առարկաների թիվը պակասեցնելու, առարկայական ծրագրերում փոփոխություններ անելու վերաբերյալ:
Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը խոսել է հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների, կրթության համակարգի զարգացման հետագա միտումների, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Ելույթի ընթացքում նա ներկայացրել է «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը, որը երկու հարթություն ունի` սոցիալական և մասնագիտական, որոնք պետք է օգնեն ուսուցչին` վերագտնելու իր հպարտությունը և անկախությունը: Նշելով, որ Երևանում և մարզում ուսուցիչը տարբեր գումար է ստանում նույն աշխատանքը կատարելու համար, Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է , որ դպրոցների ֆինանսավորման կարգը վերանայվում է: Անդրադառնալով ուսումնական ծրագրերի բեռնաթափման խնդրին, Մ.Մկրտչյանն առաջարկել է դպրոցների տնօրեններին իրենց տրված լիազորությունների շրջանակներում վերանայել առարկայական դասաժամերի բաշխումը: Փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների մասին խոսելով՝ նա նշել է, որ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանները հիմնականում իրենց չեն արդարացնում սխալ մոտեցումների կիրառման պատճառով, որի հետևանքով տուժում է կրթության որակը:Փոխնախարարը պատասխանել է նաև վարչության պետի բարձրացրած հարցերին և խոսել արված առաջարկությունների շուրջ: Արձանագրելով, որ Արարատի մարզը կրթության ոլորտում միշտ առաջատարների թվում է, և խնդիրները համեմատաբար քիչ են, փոխնախարարը հորդորել է չբավարարվել եղածով, ավելի մեծ նվաճումներ ունենալու համար նորարարական մոտեցումներ և ժամանակակից մեթոդներ կիրառել:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Մանուկ Մկրտչյանին նոր ծրագրերը հանգամանալից ներկայացնելու, հարցերին պարզաբանումներ տալու համար: Ա. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նաև ԿԳ նախարարությանը՝ նախարար Լևոն Մկրտչանի գլխավորությամբ, Արարատի մարզի կրթության բնագավառի հիմնախնդիրներին և առաջացած հարցերի լուծմանը մշտապես աջակցելու համար և վստահեցրել, որ մարզում կշարունակվեն պետական կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող համագործակցված աշխատանքները:
Այնուհետև ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատու Կարո Նասիբյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է միասնական քննությունների Արարատի մարզի վերլուծության վերաբերյալ տվյալները, ըստ որի Արարատի մարզը երկրորդն է ստացած միավորների արդյունքներով, սակայն բավականին ցածր են մաթեմատիկա և քիմիա առարկաներից ստացված միավորները:
Խորհրդակցության ընթացքում մարզպետը անդրադարձել է դպրոցներում կարգ ու կանոնի, տնօրենների աշխատակարգի, դպրոցականների գնահատականների արհեստական բարձրացման, դպրոցական կառավարման խորհուրդների ձևավորման և աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման, ծնողական խորհուրդների ոչ միշտ արդյունավետ գործունեության, դպրոցներում դրամահավաքության և այլ խնդիրներին: Խոսքն ուղղելով տնօրեններին՝ մարզպետը կտրականապես արգելել է որևէ դրամահավաքության կազմակերպում դպրոցներում՝ ընդգծելով, որ պատասխանատուները խստորեն կպատժվեն: Հասարակության մեջ մանկավարժի դերը, հեղինակությունը բարձրացնելու համար մարզպետը մանկավարժական կոլեկտիվներին առաջարկել է մշտապես ինքնակատարելագործվելով վերափոխել պահվածքն ու աշխատելաոճը :
Ամփոփելով մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության աշխատանքները` մարզի ղեկավարը կրկին շնորհավորել է բոլոր մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հորդորել անել առավելագույնը ոլորտի լիարժեք, արդյունավետ գործունեությունն ապահովելու, մարզի կրթական համակարգում ունեցած ձեռքբերումներն ավելացնելու, ուսման որակը բարձրացնելու, մրցունակ և համակողմանի գիտելիքներով օժտված, բարեկիրթ և արժանավայել պահվածքով սերունդ դաստիարակելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45