Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում << Վեոլիա ջուր>> ընկերության ներկայացուցիչների հետ

31.08.2017

 
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է ֆրանսիական <<Վեոլիա ջուր>> ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեին: Հանդիպմանը մասնակցել են նաև ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, <<Արևելք>> տարածաշրջանի տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանը, ղեկավարի տեղակալ Գաբրիել Մելիքսեթյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Էդիկ Ավետիսյանը:
Մարզպետը շնորհակալութուն է հայտնել Կ.Լըֆեին հանդիպման առաջարկն ընդունելու և առաջացած հարցերի պատասխաններն ու ծառացած խնդիրների լուծումները համատեղ գտնելու պատրաստակամության համար: Ա. Գրիգորյանը հույս է հայտնել, որ հանդիպումը կօգնի ստանալ մարզի համայնքներում ընկերության կողմից մատակարարվող ծառայությունների որակի հետ կապված հարցերի սպառիչ պատասխանները, կնախանշի խնդիրների լուծման ուղիները: Արամայիս Գրիգորյանը մտահոգություն է հայտնել ընկերության սպասարկման որակով պայմանավորված բնակիչներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ լուծումներ չստանալով, դրանք լուրջ և արդարացի դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Բնակիչները ցանկանում են կանոնավորված ժամանակացույցով որակյալ ջուր ստանալ:Մարզի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնախնդիրների լուծմանը:
<<Վեոլիա ջուր>> ընկերության տնօրեն Կ. Լըֆեն, ներկայացնելով ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում պայմանագրային պարտավորությունների շրջանակում կատարվող և հետագա ծրագրերը, նշել է, որ ՓԲԸ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ընկերության կանոնադրությամբ, հայաստանյան օրենսդրությամբ ու վարձակալության պայմանագրով և առանց խոշոր ներդրումների դժվար կլինի միանգամից հասնել գոհացուցիչ արդյունքների: Հայաստանի ջրմուղ համակարգերը 15 տարով վարձակալած ֆրանսիական Վեոլիա ընկերության հիմնադրած <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի ներկայացուցիչները մարզպետին հավաստիացրել են, որ տարեցտարի արագացող տեմպերով բարեփոխումներ կիրականացնեն համակարգում՝ ի շահ հանրության:
Մարզպետը ողջունել է <<Վեոլիա Ջուր>> ընկերության նախաձեռնությունը` ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով ջրամատակարարման որակի բարելավմանն ուղղված առաջարկները քննարկել շահագրգիռ կողմերի հետ: Ա. Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել օգնելու կազմակերպական հարցերոււմ և վստահություն հայտնել, որ ընկերության և մարզի ղեկավարության արդյունավետ համագործակցությունից կօգտվի մարզի ազգաբնակչությունը: Ընկերության ներկայացուցիչները շատ են կարևորել մարզպետարանի աջակցությունը ջրամատակարար-հանրություն կապի ստեղծման և ամրապնդման մեջ:
Շնորհակալություն հայտնելով մարզպետ Ա. Գրիգորյանին համագործակցության առաջարկի համար՝ պատասխանատուներն ընդգծել են, որ առանց փոխշահավետ կառուցողական երկխոսություն ծավալելու դժվար կլինի հասնել հաջողությունների, վերացնել ընկերության աշխատանքում առկա թերությունները, բարձրացնել սպասարկման որակը,բարելավել ջրամատակարարումը մարզի համայնքներում: Նրանք նշել են նաև, որ համատեղ աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի կրճատել կորուստները, ինչը նույնպես որոշակիորեն կբարելավի նշված տարածաշրջանի ջրամատակարարումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23