Նորություններ
Նորաշենում նշվել է Խաչվերացը
18.09.2017
Արարատի մարզի Նորաշեն համայնքում սեպտեմբերի 17-ին նշել են հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Խաչվերացը։
Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։
Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձին և Գողգոթայում կանգնեցմանը նվիրված տոնը Նորաշեն համայնքում նշանավորվել է հանդիսավոր տոնակատարությամբ։
Միջոցառման սկզբում Տեր Մխիթար քահանա Ալոյանը Տերունական աղոթք է հնչեցրել առ Աստված, օրհնել ներկաներին և շնորհակալություն հայտնել Գրիգորյան եղբայրներին պատվելու և ներկա գտնվելու համար։ Տեր Մխիթար քահանա Ալոյանը հույս է հայտնել նաև, որ առաջիկայում կվերականգնվի գյուղի միակ եկեղեցին՝ Սուրբ Հովհաննեսը, որը թեև փլուզված է, սակայն ամեն տարի հյուրընկալ կերպով է ընդունում իր հյուրերին ու բնակիչներին։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ մշտապես կանգնած է նորաշենցիների կողքին և պատրաստ է աջակցելու համայնքի շենացմանն ու զարգացմանը։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Նորաշեն համայնքում նշվող միջոցառումը շարունակվել է մինչ ուշ երեկո։