Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում
19.09.2017
Արարատի մարզի մի քանի մթերող կազմակերպություններում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի Այգեստանի մասնաճյուղում և Արարատի գինու գործարանում սկսվել է խաղողի մթերման գործընթացը։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը պարբերաբար այցելում է մթերող կազմակերպություններ և տեղում հետևում մթերման աշխատանքների իրականացմանը։
Սեպտեմբերի 16-ին մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի ուղեկցությամբ հերթական այցով եղել է Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում։ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է խաղողի մթերման նպատակով գործարանի մոտ հավաքված խաղողագործների հետ, այնուհետև Այգավանի մասնաճյուղի կառավարիչ Արտակ Աթանյանի հետ միասին շրջել գործարանի լաբորատորիաներում ու հետևել մթերման աշխատանքների ընթացքին։ Գործարանի տնօրենությունը գոհունակություն է հայտնել այս տարի մթերվող խաղողի որակից: Մարզի ղեկավարը կարևորել է բերքի հանձման համար ժամանակացույցի սահմանումը, ինչը բացառում է հերթերի գոյացումն ու գործընթացը դարձնում առավել կանոնակարգված։ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել շահավետ համագործակցության համար և Արարատի մարզպետարանի կողմից պարբերաբար աջակցության պատրաստակամություն հայտնել։
Ավելացնենք, որ խաղողի որակի ստուգումից հետո մթերող կազմակերպությունները կնքում են պայմանագրեր և այդ գործընթացից հետո միայն իրականացնում խաղողի մթերման աշխատանքները։
Առաջիկա օրերին, ըստ սահմանված ժամանակացույցի, խաղողի մթերման աշխատանքներ կսկսեն իրականացնել նաև Արարատի մարզի մյուս մթերող կազմակերպությունները: