Նորություններ
Մարզխորհրդի նիստ
25.09.2017
Սեպտեմբերի 25-ին Արարատի մարզպետարանում կայացել է մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Նիստին ներկա են եղել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, մարզի բժշկական կենտրոնների ղեկավարներ,լրագրողներ և այլն։
Մինչ նիստի օրակարգային հարցերին անդրադառնալը, Արամայիս Գրիգորյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել Արտաշատի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Կարեն Բենիամինյանին՝ մաղթելով նրան հաջողություններ։
Մարզխորհրդի նիստի օրակարգի համաձայն՝ առաջինը ելույթ է ունեցել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։ Տերտերյանը ներկայացրել է Արարատի մարզում 2017թ․ օգոստոսի վերջին մեկնարկած խաղողի մթերման աշխատանքները, անդրադարձել մթերող կազմակերությունների կողմից խաղողի իրացման գնային քաղաքակությանը՝ շեշտելով նաև, որ, ի տարբերություն նախորդ տարիների և բերքահավաքի ակտիվությանը, այս տարի լարված և տագնապալի իրավիճակ չկա։
Տերտերյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից ագրովերամշակող կազմակերպություններին տրամադրվող վարկային ծրագրերի ընդհանուր դրույթներից, ինչպես նաև համառոտ ներկայացրել ոռոգման համակարգում և բերքահավաքի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը։
Զեկույցի ավարտին Արամայիս Գրիգորյանը ևս անդրադարձել է խաղողի մթերման սահուն գործընթացներին՝ առաջարկելով համայնքների ղեկավարներին խաղողի մթերման հետ կապված որևէ խնդրի առաջացման դեպքում դիմել իրեն, որպեսզի 1 կգ խաղող անգամ դուրս չմնա մթերման գործընթացներից։
Այնուհետև մարզխորհրդի նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը։ Գ․ Եղիազարյանը ներկայացրել է գյուղական և քաղաքային համայնքների կատարողականների համառոտ նկարագիրը հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի և այլ հարկատեսակների ուղղությամբ։ Ներկայացնելով համայնքների ընդհանուր հաշվետու ժամանակաշրջանի կատարողականը՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետն ընդհանուր առմամբ դրանք գնահատել է դրական։
Նիստի օրակարգով հաջորդաբար զեկույցով հանդես է եկել մարզպետարանի քաղաքաշինություն վարչության պետ Էդիկ Ավետիսյանը։ Խոսելով մարզում պետական, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ , ինչպես նաև մարզի համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մասին՝ քաղաքաշինության վարչության պետը ներկայացրել է այն շինարարական կառույցները (դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ, ավտոճանապարհներ), որտեղ իրականացվել և իրականացվում են շինարարական ընթացիկ աշխատանքներ։
Քաղաքաշինության վարչության պետի ելույթին հաջորդել է առողջապահության վարչության պետ Սոնյա Պողոսյանի զեկույցը։ Առողջապահության վարչության պետը համառոտ անդրադարձել է վերջին հաշվետու ամիսներին անվճար ծննդօգնության, երեխաների անվճար բուժօգնության, անհետաձգելի բուժօգնության, տուբերկուլյոզի դեմ պայքարի, զորակոչային տարիքի անձանց պատվաստումների կազմակերպման, զինծառայողների և նրանց հավասարեցված անձնաց, նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ծրագրերին՝ շեշտելով, որ դրանք կյանքի են կոչվել մարզպետարանի աջակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության կողմից։
Մարզխորհրդի նիստի ավարտին ճանապարհների ասֆալտապատմանը,մանկապարտեզների ու ջրագծերի վերանորոգմանը, խմելու ջրի սակագնին վերաբերող հարցադրումներով հանդես են եկել մի շարք համայնքների ղեկավարներ։