Նորություններ
Արարատի մարզի ներկայացուցիչը դարձել է «Սասնա ծռեր» էպոսասացության ամենամյա հանրապետական փառատոնի մեդալակիր
09.10.2017
Հոկտեմբերի 8-ին Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված հանրապետական ամենամյա փառատոնի եզրափակիչ միջոցառումը։
Արարատի մարզի ներկայացուցիչ Վաչե Հակոբյանը, ով սովորում է Սայաթ-Նովա համայնքի միջնակարգ դպրոցում, մրցույթի եզրափակիչ փուլում արժանացել է մեդալի։ Վաչե Հակոբյանից բացի փառատոնի եզրափակիչ փուլին այս տարի մասնակցում էր նաև Վարդաշենի միջնակարգ դպրոցը ներկայացնող Արթուր Նիկալայանը։
Դեռևս 2011 թ․ Արագածոտնի մարզում մեկնարկած էպոսասացության փառատոնը, որի նպատակն ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների պահպանումն ու տարածումն է, 2013թ․արդեն իսկ ընդգրկել է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ու դարձել հանրապետական։
Ազգային, ավանդական արժեքների պահպանման առաջնայնությունից բացի փառատոնը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: