Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է Արարատի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետին
12.10.2017
ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը հոկտեմբերի 12-ին ներկայացրել է Արարատի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ, փրկարար ծառայության գնդապետ Արման Ամիրջանյանին։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը և Իլյիչ Շադյանը։
Մինչ այդ, ՀՀ ԱԻՆ նախարարի հոկտեմբերի 9-ի հրամանով՝ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանը նշանակվել էր փրկարար ծառայության կադրերի վարչության պետ և փոխարենը Արարատի մարզային փրկարարական վարչության պետ էր նշանակվել Արման Ամիրջանյանը։
Արամայիս Գրիգորյանը նախ շնորհավորել է Մուրադ Մարգարյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և շեշտել, որ Արարատի մարզային փրկարարական վարչությունում պաշտոնավարման ընթացքում նա իրեն դրսևորել է որպես բանիմաց ու պատասխանատու անձնավորություն՝ համոզում հայտնելով, որ նորանշանակ պաշտոնում ևս կաշխատի նույնքան պատասխանատվությամբ և արդյունավետ կերպով։
Այնուհետև մարզի ղեկավարը հաջողություններ է մաղթել նաև Արարատի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետին և հույս հայտնել, որ թիմային աշխատանքի և փոխշահավետ համագործակցության շնորհիվ կունենան ձեռքբերումներ և պատվով դուրս կգան ստեղծված արտակարգ իրավիճակներից։
Արդեն իսկ փրկարար ծառայության կադրերի վարչության պետ Մուրադ Մարգարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին բարդ ու դժվարին իրավիճակներում իրենց կողքին լինելու , ինչպես նաև ցուցաբերած մշտական աջակցության համար։