Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Բերք ու բարիքի տոն >> Արարատ գյուղական համայնքում

20.10.2017




Այսօր Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի հուշարձան հուշահամալիրի այգում անցկացվել է «Բերք ու բարիքի տոն» միջոցառումը: Կազմակերպված տոնակատարությանը առանձին տաղավարներով ներկայացել են համայնքապետարանը, համայնքի եկեղեցին, կրթական և առողջապահական հատատությունները, գյուղատնտեսական մթերքներ արտադրող ընկերությունները՝ ցուցադրելով աճեցրած բերքը, դրանից մշակված ու պատրաստված արտադրանքն ու բարիքները, ազգային ուտեստները:
Բերքի տոնին և դրա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը և Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակիցները, մարզի համայնքների, կրթական և առողջապահական հաստատությունների ղեկավարներ, այլ հյուրեր:
Միջոցառման սկզբում Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր առաջնորդ Արարատ համայնքի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը տերունական աղոթք է հնչեցրել և օրհնել համայնքի բերքն ու բարիքը, ներկաներին և միջոցառումը: Արարատ գյուղական համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը ողջունել և շնորհավորել է հյուրերին ու ներկաներին, շնորհակալություն հայտնել մասնակիցներին: Նա ուրախությամբ նշել է, որ այս տարի բավականին առատ բերք է ստացվել և այդ պատճառով էլ որոշվել է մեծ շուքով անցկացնել այս տոնակատարությունը: Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին միջոցառմանը ներկա գտնվելու համար, ինչպես նաև իր և համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին մշտական ուշադրության և աջակցության համար:
Մարզպետն իր հերթին ողջունել և շնորհավորել է բոլոր ներկաներին, մաղթել նոր հաջողություններ և վստահեցրել, որ մարզպետարանի աջակցությունը շարունակական է լինելու, և համայնքի զարգացմանը նպաստող ցանկացած նոր նախաձեռնություն և ծրագիր համատեղ ուժերով կյանքի է կոչվելու: Արամայիս Գրիգորյանը համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանին համայնքի գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ներդրման համար պատվոգիր է հանձնել: Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել Արարատ գյուղում գործող մթերող կազմակերպություններին գյուղացիական տնտեսություններին աջակցելու և մթերման գործընթացը սահուն անցկացնելու համար:
Այնուհետև համայնքի ղեկավարի կողմից տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների և ունեցած հաջողությունների ու ձեռքբերումների համար պատվոգրերի և շնորհակալագրերի են արժանացել տոնի մասնակիցներ, կազմակերպություններ, ընկերություններ, անհատներ:
Պարգևատրման արարողությունից հետո մարզպետի գլխավորությամբ հյուրերը շրջել են տաղավարներով, համտեսել տարվա բերք ու բարիքից ստացված ազգային խոհանոցի բազմազան կերակրատեսակներ, խմիչքներ, քաղցրավենիք, ծանոթացել ներկայացված արտադրատեսակների բազմազանությանը:
Բերքի տոնին իրենց յուրատեսակ արտադրանքն են համտեսի ներկայացրել նաև Արարատ գյուղում գործունեություն իրականացնող <<Արարատի Աբրիկոն>>, <<Արարատի գինու գործարան>> և այլ ՍՊԸ-ներ: Արամայիս Գրիգորյանը հետաքրքրվել է արտադրած մթերքի ծավալներով, արտադրական գործունեության, իրացման և արտահանման ժամանակ հանդիպած խնդիրներով, պատրաստակամություն հայտնել աջակցելու խնդիրների արդյունավետ լուծմանը:
Մի քանի ժամ տևած տոնական միջոցառման ողջ ընթացքում մասնակիցներին և բնակիչներին ուղեկցել է տոնական տրամադրությունը, հնչել են երաժշտական կատարումներ, ելույթ են ունեցել պարային խմբեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36