Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրեզնոյի բժիշկների բարեգործական առաքելությունը Մասիսի բժշկական կենտրոնում

23.10.2017

Հոկտեմբերի 2-ին և դրան հաջորդած օրերի ընթացքում Մասիսի բժշկական կենտրոնում իրականացվել է աննախադեպ մի նախաձեռնություն, որն ընդգրկել է հասարակության անապահով շերտերն ու շատ մարդկանց համար իսկապես դարձել դեպի փարոս տանող միակ ուղին։ Հասարակությանն առավելապես <<Բաց դռների օր>> անվամբ հայտնի առողջապահական ծրագիրը ոչ միայն մասշտաբային ու կենսական էր Մասիսի տարածաշրջանի համար, այլև բավականին արդյունավետ։ Ծրագիրը կյանքի է կոչվել Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի, Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և Մասիսի բժշկական կենտրոնի ղեկավարության ջանքերի շնորհիվ։
Ֆրեզնոյի տարբեր կլինիկաները ներկայացնող քիթ-կոկորդ-ականջաբանների, գինեկոլոգների, մանկաբույժների, թերապևտների, ակնաբույժների կողմից հետևողականորեն օրեր շարունակ իրականացվել է անվճար խորհրդատվություն և ախտորոշիչ հետազոտություն, որին մասնակցել են հիվանդանոցի տեղամասային բժիշկների կողմից օբյեկտիվորեն նախապես ցուցակագրված և հայտարարության հետքերով բժշկական կենտրոն ներկայացած քաղաքացիները։ Մասնավորապես՝ քիթ-կոկորդ-ականջաբանության ուղղությամբ անվճար խորհրդատվություն է ստացել կամ հետազոտվել 46 հիվանդ, գինեկոլոգիական խնդիրներով՝ 24 քաղաքացի, մանկաբույժի և ակնաբույժի օգնությանն է դիմել համապատասխանաբար 134 և 157 բնակիչ, իսկ թերապևտը քննել և համապատասխան եզրակացություն է տրամադրել 45 հոգու։
Բարեգործական ծրագրի շրջանակներում և հետազոտությունների արդյունքում մարդասիրական առաքելությամբ Հայաստան ժամանած բժիշկները Մասիսի ԲԿ-ի մասնագետների հետ համատեղ այնուհետև իրականացրել են 7 գինեկոլոգիական և 2 վիրաբուժական անվճար վիրահատություններ, հիվանդանոցին տրամադրել նորածնային մահճակալներ։ Եվ ոչ միայն։ Սիփանիկ համայնքի բնակիչ Տիգրան Մինասյանին հետազոտելուց հետո, ով ի ծնե տառապում է սրտային անբավարարություն ախտորոշմամբ, բժշկական կենտրոն ժամանած մասնագետները որոշում են կայացրել երեխային, մոր հետ միասին, անվճար հիմունքներով տեղափոխել Ֆրեզնո վիրահատություն իրականացնելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49