Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղցրաշենում նշել են ազատամարտիկ Սամվել Գևորգյանի ծննդյան 60-ամյակը

25.10.2017

Հոկտեմբերի 25-ին լրացել է քաղցրաշենցի ազատամարտիկ Սամվել Գևորգյանի ծննդյան 60-ամյակը։ Արցախյան ազատամարտի հերոսի անունը կրող դպրոցում այդ առթիվ կայացել է ոգեկոչման հուշ-ցերեկույթ, որին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ազտամարտիկի մարտական ու մանկության ընկերները, հարազատները, զինվորականներ, քաղցրաշենցիներ, հյուրեր։
Նախքան միջոցառման մեկնարկը մասնակիցները այցելել են նրա շիրիմին, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել ազատամարտիկի շիրմաքարին։ Ընկերները, բարեկամները ելույթ են ունեցել՝ խոսելով նրա մարդ տեսակից ու խորը հայրենասիրությունից, ապա շեշտել, որ Սամվելի անունը միշտ ապրելու է բոլորի սրտերում։
Առանց վարանելու հայրենյաց պաշտպանության նետված քաջորդիներից մեկին՝ Սամվել Գևորգյանին նվիրված միջոցառումը մեկնարկել է հոտնկայս ծափահարություններով՝ ի նշան երախտագիտության և այն հերոսական անցյալի ու փառքի, որ իրենից հետո թողել է Արցախյան ազատամարտի հերոսը։
Հուշ-ցերեկույթի ընթացքում  հնչել են պատառիկներ Սամվել Գևորգյանի և հայ դասականների ստեղծագործություններից, երգվել հայրենասիրական երգեր հայ քաջերի ու Հայաստան աշխարհի մասին։
Հուշ-ցերեկույթի ավարտին ելույթ է ունեցել Իլյիչ Շադյանը։ Արարատի մարզպետի տեղակալը ողջունել է ներկաներին մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից և շեշտել, որ Սամվելն ու մյուս քաջորդիները զոհվել են հայ մանուկի ծիծաղի, հայի արարման ու ապրելու իրավունքի համար։ Իլյիչ Շադյանը կոչ է արել նաև այսուհետ մեր հերոս տղաներին հիշել միայն հպարտության և ուրախության զգացումով, քանզի նրանց սխրանքն ու գործը հայրենասիրության ու հայրենապաշտության վառ օրինակ են։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18