Նորություններ
Մեկնարկել է <<Նռան հատիկ>> փառատոնը
31.10.2017
Երեկ մեկնարկել է <<Նռան հատիկ>> փառատոնը։ Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ն անցկացվող փառատոնին Արարատի մարզը ներկայացնում են երեք թատերախումբ՝ Մասիսի մշակութային կենտրոնի <<Նոր սերունդ>>, Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան հիմնական դպրոցի <<Սիրոն>> և Գեղանիստի միջնակարգ դպրոցի թատերախմբերը։ <<Սիրոնն>>, ի դեպ, անցյալ տարի նույն փառատոնի շրջանակներում արժանացել է <<Թռիչք >> մրցանակին։
<<Նռան հատիկ-2017>> հանրապետական մանկապատանեկան թատերական 17-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և <<Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Այս տարի այն կրում է <<Արևը բոլորինն է>> խորագիրը։ Փառատոնի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը։
Ավելացնենք, որ <<Սիրոն>> թատերախումբն արդեն իսկ հանդես է եկել ներկայացմամբ և նոյեմբերի 2-ին ներկայացմամբ հանդես կգա նաև <<Նոր սերունդը>>։