Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է եղել Մասիս քաղաքի 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը
10.11.2017
Նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվել է Մասիս քաղաքի տոնը, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, հյուրեր, մասիսցիներ:
Արարատի մարզպետին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին Մասիսում դիմավորել են աղ ու հացով: Մասիսցի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո հյուրերին են ներկայացվել սպորտային ցուցադրական ելույթներ։
Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Մասիսի պետական ու մասնավոր կազմակերպությունները, կրթական ու մշակութային հաստատությունները, Մասիսի տարածաշրջանի համայնքները ներկայացել են առանձին տաղավարներով: Շրջելով տաղավարներով՝ Արամայիս Գրիգորյանն առանձին-առանձին ծանոթացել է յուրաքանչյուրի այցեքարտին ու այնտեղ ամբարված բերք ու բարիքին:
Մարզի ղեկավարը շնորհավորել է մասիսցիներին Քաղաքի օրվա կապակությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու բարգավաճում:
Տոնակատարության ընթացքում հնչել է ավանդական երգ ու պարն ու շարունակվել մինչ գիշեր: