Նորություններ
Արարատի մարզի երիտասարդները մասնակցել են «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին
20.11.2017
Նոյեմբերի 16-18-ը Գյումրիում անցկացվել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը։ Համաժողովին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը, ինչպես նաև Արարատի մարզը ներկայացնող 15 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով;
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հետ համագործակցաբար կազմակերպված համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել են 150 երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից։ Համաժողովի նպատակն էր Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը։