Նորություններ
Արարատի մարզում կայացել են <<Մշակութային կանգառ>> ծրագրի տարեվերջյան համերգները
04.12.2017
ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <<Մշակութային կանգառ>> ծրագրի շրջանակներում Արարատի մարզում դեկտեմբերի 2-3-ը տեղի են ունեցել ծրագրի եզրափակիչ՝ <<Հայաստա՛ն, իմ սեր>> համերգները։
Դեկտեմբերի 2-ին Արարատ համայնքի ու Վեդու մշակույթի տներում համերգներով հանդես են եկել <<Արեգ>> ավանդական երգի-պարի և <<Արդվին>> ազգագրական երգի-պարի համույթները։
Ըստ ծրագրի՝ Եղեգնավան համայնքում ելույթ է ունեցել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը՝ համերգային ձևաչափն ընդլայնելով և հանդես գալով մշակույթի տան բակում։ Անսամբլի կատարումները Եղեգնավանում անցել են բավականին ջերմ մթնոլորտում, քանի որ ելույթներին են միացել նաև եղեգնավանցիները։ Ավարտական ելույթից հետո Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը Եղեգնավանի համայնքապետ Հովսեփ Ղազարյանի կողմից արժանացել է շնորհակալագրի։
Դեկտեմբերի 3-ին հաջորդաբար <<Հայաստա՛ն, իմ սեր>> համերգային ծրագրով Նոր Խարբերդ համայնքի մշակույթի տանը վերջին ելույթն է ունեցել <<Վան ազգագրական համույթը>>։