Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Արարատի մարզպետի տարեվերջյան ասուլիսը

19.12.2017

Դեկտեմբերի 18-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդես է եկել տարեվերջյան հաշվետու ասուլիսով։ Զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, ապա ներկայացրել 2017թ․ընթացքում մարզի տարբեր բնագավառներում իրականացված ծրագրերն ու արձանագրած ձեռքբերումները։
Ընդհանուր առմամբ մարզի ղեկավարը 2017թ․ համարել է առաջընթացի տարի և իրականացված կարևորագույն ծրագրերի շարքում խոսել հանրապետությունում առաջինը համարվող և Արարատի մարզում իրագործված համայնքների էլեկտրոնային անձնագրերի մասին։ Համայնքի դեմոգրաֆիան, պատմամշակութային կենտրոնները, կրթական օջախներն ու այլ բնագավառները ներկայացնող կարևորագույն անձնագրերն, ըստ մարզպետի, վիճակագրության ռեալ պատկեր են հանդիսանում։ Անդրադառնալով համայնքի ավագանու և ղեկավարի կողմից ընդունված ուղեցույցներին՝ Արամայիս Գրիգորյանը աշխատանքներն իրատեսորեն կազմակերպելու և արդյունավետ գործունեություն ծավալելու տեսանկյունից կարևորել է ուղեցույցների առկայությունը ևս։
Մամուլի ասուլիսի ընթացքում մարզի ղեկավարը անդրադարձել է նաև մարզի դիմագիծ հանդիսացող ճյուղին՝ գյուղատնտեսությանը, և շեշտել, որ այս տարի վերոհիշյալ ոլորտում հաջողություններ գրանցվել են նաև վերամշակողների հետ կապված համագործակցության տիրույթում՝ իհարկե թվելով նաև ոչ բարեխիղճ գործունեությամբ աչքի ընկած մի քանի վերամշակողների անուններ։
Առողջապահության ոլորտի մասին խոսելիս մարզի ղեկավարն անդրադարձել է Վեդու ծննդատան բացմանն ու Վեդու հիվանդանոցի շինարարության ավարտին, խոսել շինարարական աշխատանքների փուլում գտնվող Արտաշատատի ԲԿ-ի մասին։ Մարզի մյուս առողջապահական կենտրոնի՝ Մասիսի գլխավոր բժշկական հաստատության առաջընթացի ուղղությամբ ևս, ըստ մարզպետի, մեծ իրադարձություններ են սպասվում։ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքի բժշկական կենտրոների հայ և ամերիկացի մասնագետները, ամիսներ առաջ ժամանելով Մասիսի ԲԿ, որոշում են կայացրել այստեղ իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ։
Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտին։ Շեշտելով, որ մեկ ուսուցչին բաժին ընկնող աշակերտների քանակով մեր մարզը մոտ է եվրոպական չափանիշներին՝ Արամայիս Գրիգորյանը նաև շնորհակալանքի խոսքեր է հղել բոլոր ուսուցիչներին կատարած հսկայածավալ ու սերունդներ կրթող աշխատանքի համար։
2017թ․ ՀՀ կառավարության կողմից ներկայացված <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ևս արձանագրվել են ձեռքբերումներ։ Արարատի մարզում տարվա սկզբին առկա մոտ 270 աղբավայրից այսօր մնացել է 19 հիմնական աղբավայր։ Ընդ որում, աղբահանության աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու գործընթացներում կարևորելով մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը՝ մարզի ղեկավարը ավելացրել է, որ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը տարվա սկզբի 200-230 փոխարեն այսօր վերաճել են մոտ 3500-ի։
Արամայիս Գրիգորյանն այնուհետև անդրադարձել է բիզնես ոլորտի ծրագրերին ու խոսել արդեն իսկ գործող ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև բացման ենթակա կազմակերպությունների մասին, օրինակ՝ Ոստան համայնքում հիմնադրվող տրիկոտաժի ձեռնարկության, որի բացմամբ կստեղծվի մոտ 550-600 աշխատատեղ։ Այս ոլորտում ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագրերից է նաև Արարատ գյուղական համայնքի կողմից ներկայացված շարժական սպանդանոցի ծրագիրը, որն իր ճկունության շնորհիվ թույլ կտա աշխատանքների մեջ ընդգրկել հանրապետության մյուս մարզերը ևս։
Տարեվերջյան ասուլիսի ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բոլորի ընտանիքներին ուրախություն ու քաջառողջություն, ձեռքբերումներ, համբերատարություն և հավատ առ այն, որ կարճ ժամանակ անց ամեն ինչ լավ է լինելու։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31