Նորություններ
Արարատի մարզի համայնքներում մեկնարկել են ամանորյա միջոցառումները
28.12.2017
Արարատի մարզի քաղաքային ու գյուղական համայնքներում, նախապես կազմված ծրագրերի համաձայն, մեկնարկել է տոնական միջոցառումների շարքը։ Գլխավոր ու երկրորդական փողոցների և բակերի զարդարմանը հաջորդելու է միջոցառումների անցկացումը, որոնք արդեն իսկ մեկնարկել են մի քանի համայնքում և շարունակվելու են մինչև 2018թ․ հունվարի սկիզբը։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանն ուղղված հանձնարարականի համաձայն՝ համայնքների ղեկավարները նախապես կազմել ու Արարատի մարզպետարան են ներկայացրել այն տոնակատարությունների ցանկը, որոնք զարդարելու են համայնքի տոնական առօրյան։
Բազմաբնույթ միջոցառումները յուրաքանչյուր համայնքում անցկացվելու են յուրօրինակ ձևաչափով և ընդգրկելու են համայնքի բնակչության բոլոր շերտերը։
Տոնական ձևավորումն ու ամանորյա ներկայացումները, նվերների հանձնումն ու դիմակահանդեսի անցկացումը, ազգային երգ-երաժշտությունն ու հյուրասիրությունները, դիսկոտեկն ու հրավառությունն ընդգրկված են համանքի ամանորյա ծրագրերում և նախատեսված են ազգաբնակչության ու հատկապես մանուկների Ամանորն անմոռաց դարձնելու համար։ Ավելացնենք նաև, որ մի շարք համայնքներում արդեն իսկ կայացած միջոցառումներին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, մարզպետարանի այլ ներկայացուցիչներ։
Ամանորյա միջոցառումները , բնականաբար, դեռևս առջևում են, և դրանք հետաքրքրաշարժ դարձնելու, ինչպես նաև սահուն կերպով անցկացնելու համար համախմբվել են համայնքների մշակույթի տները, արվեստի ու հանրակրթական դպրոցները, համայնքապետարաններն ու գրադարանները՝ անհրաժեշտության դեպքում աջակցություն և խորհրդատվություն ստանալով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից։