Նորություններ
Տոնական միջոցառում Ոսկետափ համայնքում
29.12.2017
Ոսկետափ համայնքում դեկտեմբերի 29-ին կայացած միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը, ոսկետափցիներ հյուրեր։ Ամանորյա միջոցառումների մեկնարկն այստեղ նշանավորվել է նաև ոսկետափցի մի շարք երիտասարդների կողմից համայնքում կատարած բարեգործությամբ։
Միջոցառման սկզբում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ոսկետափցիներին ողջունել է մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ապա շնորհավորել է նրանց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղ, բարեբեր ու առաջխաղացման տարի։ Այնուհետև Արարատի մարզպետի տեղակալը շնորհակալանքի խոսք է ուղղել բոլոր այն երիտասարդ ոսկետափցիներին, ովքեր համայնքում իրականացնրել են բարեգործական ծրագրեր։
Ելույթի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել նաև համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանն ու Ոսկետափի միջնակարգ դպրոցի տնօրեն Թորգոմ Պետրոսյանը։
Միջոցառման համերգային հատվածում հնչել է երգ-երաժշտություն, ելույթ են ունեցել պարային խմբեր, որին հաջորդել է բարեգործների կողմից ոսկետափցի մանուկների համար նախատեսված տոնական նվերների հանձնումը։ Միջոցառումն ավարտվել է տոնական հրավառությամբ։
Ավելացնենք նաև, որ միջոցառման հովանավորները՝ արտերկրում աշխատող ոսկետափցի բարեգործները, բարեգործական աշխատանքներ են կատարել համայնքի մի շարք բնագավառներում ևս․ նրանց հովանավորությամբ ասֆալտապատվել է համայնքի գերեզմանոց տանող ճանապարհը, նորոգման աշխատանքներ են կատարվել միջնակարգ դպրոցում, դրամական օգնություն է տրամադրվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և այլն։