Նորություններ
Ձմեռային զորակոչն Արարատի զինկոմիսարիատում
09.01.2018
Հունվարի 9-ին Արարատի տարածքային զինկոմիսարիատում կայացել է 2018 թվականի հերթական զորակոչը:
Բացելով հանդիսավոր արարողությունը՝ Արարատի զինկոմ Գրիգոր Սայադյանը բարի ճանապարհ և բարի ծառայություն է մաղթել տղաներին: Նա հորդորել է լինել միասնական, և զինվորական պարտքը Հայրենիքի նկատմամբ կատարել հպարտությամբ ու ոգևորությամբ:
Զորակոչին մասնակցել է Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը,ով իր ելույթում մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից բոլորին ողջունել և շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ծնողներին երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին մաղթել խաղաղ երկինք, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: Մարզպետի տեղակալը հորդորել է ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը, լինել զգոն և ուշադիր հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում:
Հանդիսավոր արարողության ժամանակ նորակոչիկների օրհնության կարգ է կատարել Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը: Միջոցառման ավարտին տղաները ստացել են նվերներ՝ խաչեր և աղոթագրքեր: