Նորություններ
Հիմնանորոգվել է Վեդու բժշկական կենտրոնը
18.01.2018
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մասնակցել է Վեդու բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ. պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին, Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, բժշկական հաստատությունների տնօրեններ, պետական կառույցների ու համայնքների ղեկավարներ, հյուրեր։
Բացման արարողության սկզբում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և խոսել բժշկական կենտրոնի հիմնանորոգման հրատապության ու այդ ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին․
- Բավականին երկար ժամանակ մտածել ենք կենտրոնի հիմնանորոգման ուղղությամբ, քանի որ երկար տարիներ Վեդու հիվանդանոցը գտնվում էր ոչ բարվոք վիճակում, և ժողովրդին որակյալ ծառայություններ մատուցելու համար ձեռնարկեցինք բժշկական կենտրոնի հիմնանորոգումը։ Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ Գրիգորյան եղբայրների համագործակցությամբ, բարերարների օգնությամբ կյանքի կոչեցինք տարածաշրջանի ու մարզի համար կարևորագույն այս ծրագիրը, որը մեծ հաջողություն և կենսական անհրաժեշտություն է ոչ միայն տարածքի բնակիչների, այլև կենտրոնի աշխատակիցների համար։
Արարատի մարզպետն իր խոսքում ավելացրել է նաև, որ այս տարի բժշկական կենտրոնն ապահովվելու է լոկալ ջեռուցման համակարգով, իսկ մինչև տարեվերջ հիվանդանոցային բոլոր ծառայությսւնները կհամալրվեն սպասարկման համար անհրաժեշտ հարմարություներով։
Այնուհետև ներկաներին շնորհավորանքի խոսք է ուղղել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին։ Դեսպանն իր ուրախությունն է հայտնել տարածաշրջանում այսպիսի առաջադեմ բժշկական հաստատություն ունենալու և կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին իր երկրի լուման ներդնելու համար, ապա հավելել, որ ապագայում մեծ սիրով ու պատրաստակամությամբ կգտնեն համագործակցության այլ եզրեր ևս։
Այնուհետև Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը շնորհակալագրեր է հանձնել կենտրոնի հիմնանորոգումն իրականացրած հովանավորներին՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին, <<Վեդու բարեկամների միություն>> բարեգործական կազմակերպությանը, ինչպես նաև այսուհետ հունվարի 18-ը հայտարարել որպես Վեդու բժշկական կենտրոնի օր։
Կարմիր ժապավենի կտրման արարողությունից հետո Արարատի մարզպետն ու հյուրերը շրջել են կենտրոնի մանկական, վիրաբուժական, թերապևտիկ և այլ բաժանմունքներում, հիվանդասենյակներում և ծանոթացնել իրականացված աշխատանքներին։