Նորություններ
Համայնքների էլեկտրոնային անձնագրերը տեղադրվել են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում
22.01.2018
Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում տեղակայվել են գյուղական ու քաղաքային համայնքների էլեկտրոնային անձնագրերը` խմբավորված ըստ Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանների: Խմբավորված կերպով Արարատի մարզն առաջինն է, որ համայնքների վերաբերյալ հստակ ու ամբողջական տեղեկատվության հավաքագրման միջոցով ստեղծել է ամբողջական բազա: Համայնքների էլեկտրոնային անձնագրերն իրենց մեջ ամբողջացնում են համայնքի աշխարհագրական դիրքը, վարչական տարածքները, ենթակառուցվածքները, ինչպես նաև էլեկտրոնային անձնագրերում ներառված են մշակույթը, առողջապահության և այլ ոլորտներ ևս: Յուրաքանչյուր համայնք տեղեկատվական բազայի մեջ է ներառել համայնքի զարգացման վերաբերյալ իր ծրագիրն ու ծրագրի իրագործման միջոցով ներկայացրել զարգացման հեռանկարները: Համայնքների էլեկտրոնային անձնագրերի առկայությունը լայն հնարավորություն է ընձեռում ոչ միայն ամբողջական տեղեկատվություն ստանալ համայնքի վերաբերյալ, այլև հստակորեն տեսնելով համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները` այն դարձնել զարգացած ու տեսարժան: Էլեկտրոնային անձնագրերի շնորհիվ հնարավոր ներդրողները, ծանոթանալով համայնքի ռեսուրսների,ն կարող են ընտրել իրենց ծրագրերի տեղայնացմանը համապատասխանող համայնքն ու ներդրումներ կատարել այնտեղ:
Ավելացնենք նաև, որ արդեն իսկ պատրաստվել ու համայնքների կողմից հաստատվել են տվյալ համայնքի գյուղատնտեսական ցուցանիշներն արտացոլող տեղեկատվական բազաներ (գյուղատնտեսական անձնագրեր), որոնք հանդիսանալու են համայնքների էլեկտրոնային անձնագրերի բաղկացուցիչ մաս և որոնց շնորհիվ եռամսյակը մեկ թարմացվելու են համայնքի գյուղատնտեսական ոլորտի ցուցանիշները: