Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը պարգևատրել է շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին
14.02.2018
Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է շախմատի Հայաստանի 2018թ․ չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին, ով Արարատի մարզից է։
Հանդիպմանը ծավալված զրույցի ընթացքում Հայաստանի չեմպիոնը մարզի ղեկավարին պատմել է հաղթանակի հասնելու իր ձգտումների և այդ ճանապարհը հարթող ամենօրյա մարզումների մասին։ Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ Հայկն ապագայում նոր հաղթանակներ կտոնի նաև միջազգային ասպարեզներում՝ վերականգնելով անցյալի ավանդույթներն ու գծելով նվաճումների նոր ուղի։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շախմատիստի ծնողներին նման զավակ մեծացնելու և դաստիարակելու համար, ինչպես նաև ավելացրել, որ միշտ պատրաստակամ է աջակցել Հայաստանի շախմատի ազգային հավաքականում ընդգրկված չեմպիոնին։
Հայկ Մարտիրոսյանի մայրը, շնորհակալանքի խոսքեր ուղղելով Արամայիս Գրիգորյանին, շեշտել է, որ մարզի ղեկավարի կողմից մշատական աջակցությունը Հայկին ոգևորում և մեծ ուժ է տալիս։
Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը շախմատի Հայաստանի 2018թ․ չեմպիոնին է հանձնել պատվոգիր, դրամական պարգև և հուշանվեր։