Նորություններ
Խարբերդի թիվ 1 դպրոցում կայացել է Արտյոմ Խաչատրյանի <<Իմ աշխարհ>> գրքի շնորհանդեսը
17.03.2018
Նոր Խարբերդի № 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Խաչատրյանն <<Իմ աշխարհ>> գրքույկի հեղինակն է: Հայրենասիրության ու հացերգության թեմաներով ստեղծագործող պատանու ժողովածուում ներառված են նաև ուսուցչին, եկեղեցուն ու բնությանը նվիրված բանաստեղծություններ։ Ըստ Արտյոմի՝ իրեն ստեղծագործելու է մղել առաջին ուսուցչուհին՝ Լ. Ավագյանը, իսկ հետո՝ մայրենիի ուսուցչուհին` Գ. Արշակյանը, ով մեկ առ մեկ հավաքել ու հղկել է աշակերտի ստեղծագործությունները, և ծնողների ջանքերով Արտյոմն այսօր փոքրիկ գրքույկի հեղինակ է:
Ընթերցանության հանրապետական մրցույթին Արտյոմն ու իր ընկերները յուրովի են պատրաստվել․ արտադասարանական ընթերցանության ժամին դասընկերները ամփոփել են նրա գրքի <<Իմ երկրի գրքերը, իմ գրքերը>> բաժինն ու հարցեր պատրաստել դասընկերոջը՝ յուրաքանչյուրը նաև ներկայացնելով իր նախընտրած ստեղծագործությունը: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև 11-րդ դասարանի աշակերտուհի Արիաննա Մարալյանի գրախոսականն ու պատանի բանաստեղծի <<Հայաստան>> աքրոստիկոսի հիման վրա նույն դպրոցի աշակերտներից մեկի կողմից գրված երգը։
Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան № 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանը այս կերպ պատրաստ է ընթերցանության հանրապետական մրցույթին: