Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզ

19.03.2018

 Մարտի 19-ին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գյուղատնեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը եղել են Վեդու ջրամբարի շինհրապարակում, այցելել աշխատանքների ղեկավարման կենտրոն և հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկել ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին ու կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Մարզի ղեկավարն ու գյուղատնտեսության նախարարը տեղում հետևել են ջրամբարի կառուցման աշխատանքներին։ Այցի պահին ընթանում էին հողային ու հիմքերի փորման աշխատանքներ, որոնց հաջորդելու է ցեմենտապատ ցանցի կառուցումը։ Մեկ տարի առաջ սկսված աշխատանքները նախատեսվում է ավարտել 3 տարի հետո՝ ծրագրվածից փոքր-ինչ շուտ՝ ջրամբարի կառուցմամբ, ինքնահոս եղանակով ոռոգման հնարավորություն ստեղծելով տարածաշրջանի մի շարք համայնքների հողատարածքների ոռոգման համար։
Այնուհետև համայնքների ղեկավարների մանակցությամբ Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին, առավելապես՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Ներկայացնելով ոռոգման համակարգում իրականացված և ընթացիկ ծրագրերը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը շեշտել է, որ ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են՝ ապրիլի մեկից մեկնարկի բնականոն հնարավորություն ընձեռելով ոռոգման սեզոնի համար։ Այդ նպատակով արդեն իսկ իրականացվել է 43 կմ երկարությամբ ոռոգման ցանցի վերանորոգում, ինչպես նաև մաքրում, հիդրոջրաչափական սարքերի ու խորքային հորերի վերանորոգում։ Առաջիկայում, ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի, ներքին ցանցերի ու ջրանցքների արդիականացման համար Արարատի մարզին կտրամադրվի 12 միլիոն դրամ, ինչպես նաև ջրային ռեսուրսների հավասարաչափ բաշխման ու ջրային կորուստների բացառման համար կիրականացվի շարժական պոմպերի կիրառում ու չօգտագործվող ջրագծերի տեղափոխում ջրօգտագործման համար նպաստավոր տարածաշրջան։
Այնուհետև խորհրդակցության մասնակից համայնքների ղեկավարները բարձրացրել են գյուղատնտեսության բնագավառին վերաբերող հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ջրամատակարարման ծրագրերի մեջ նոր հողատարածքների ներգրավմանը, ինքնահոս համակարգերի վերանորոգմանը, համայնքներում նոր պոմպերի տեղակայմանը, անասնաբուժական ծառայությունների իրականացման, պարարտանյութերի բաշխմանը, ինտենսիվ այգիների հիմնման գործընթացներին ու արդյունավետությանը, խորքային հորերի հորատմանը և այլն։ Բարձրացված հարցերի ուղղությամբ օպտիմալ քննարկում և լուծման ուղիներ փնտրելու համար Արսեն Հարությունյանն առաջարկել է առաջիկայում համայնքի ղեկավարների ու ՋՏՊԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային քննարկում։
Խորհրդակցության ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախարարին ու ՋՏՊԿ նախագահին Արարատի մարզ կատարած այցի և առկա խնդիրների քննարկմանը մասնակցելու համար, ինչպես նաև ՋՕԸ-երի պետերին համայնքների ղեկավարների հետ համատեղ շուրջօրյա ռեժիմով աշխատանքներ իրականացնելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32