Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզխորհրդի 2018թ․ առաջին նիստը

29.03.2018


Մարտի 29-ին Արարատի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Նիստին մասնակցել են համայնքների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Բացելով նիստը՝ Արամայիս Գրիգորյանը ողջունել է ներկաներին և, մինչ օրակարգային հարցերին անցնելը, համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել մի շարք հարցերի վրա։ Մասնավորապես, մարզի ղեկավարը հորդորել է ուշադրություն դարձնել անասնաբուժական ծառայությունների կողմից համայնքներում իրականացվող աշխատանքների արդյունավետությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ իրականացնել գույքագրման աշխատանքներ և ներկայացնել համապատասխան մարմիններին՝ ոռոգման շրջանում առաջ եկող ռիսկերը նվազեցնելու համար, ապա հավելել, որ այդ ուղղությամբ գործընթացը սահուն կազմակերպելու համար եկող շաբաթ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների, Արարատի մարզպետի տեղակալի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայանալու է հանդիպում։ Մարզի ղեկավարն անդրադարձել է նաև Հյուսիս-հարավ մայրուղու՝ Մրգավան, Բերքանուշ, Բաղրամյան համայնքների ճանապարհահատվածում ուղեանցների բացակայությանն ու դրանց հետևանքով առաջացած խնդիրների վրա։
Այնուհետև, ըստ մարզխորհրդի օրակարգի, մարզի համայնքների 2017թ․ տարեկան բյուջեների կատարման և 2017թ․ նկատմամբ համայնքների 2018թ․ բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը։ Ըստ զեկույցի՝ 2017թ․ բյուջեով նախատեսված 2 մլրդ 227․7 մլն դրամի դիմաց փաստացի մուտքագրվել է 2 մլրդ 365․7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106․2 տոկոսով, նախորդ տարվա համեմատությամբ ավել է մուտքագրվել 535․6 մլն դրամ։ Գուրգեն Եղիազարյանն անդրադարձել է նաև այս ոլորտում թերակատարումներ ունեցող համայնքներին, ինչպես նաև ավելացրել, որ համահարթեցման սկզբունքով համայնքների համար նախատեսված 4 մլրդ․ 438 մլն դրամ դոտացիան հատկացվել է 100 տոկոսով։ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն, ըստ հարկատեսակների, համառոտ ներկայացրել է նաև 2017թ․ նկատմամբ համայնքների 2018թ․ բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը՝ 2017թ․ նկատմամբ 2018թ-ին սեփական եկամուտների մասով արձանագրելով 24․2 տոկոս աճ։
Այնուհետև գարնան գյուղատնտեսական, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման մասին զեկույց է ներկայացրել Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։
Գյուղատնտեսական տարվա սկիզբը համարելով արդյունավետ՝ Հայկազ Տերտերյանն այնուհետև ներկայացրել է համայնքների ղեկավարների կողմից պարարտանյութերի տրամադրման ուղղությամբ ներկայացված հայտերի ու ներկրված պարարտանյութերի ցուցանիշները՝ անդրադառնալով նաև անասնագլխաքանակի հաշվառման, համայնքներում կազմակերպվող կրծողների դեմ պայքարի, գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի գործընթացներին։ Մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ իրականացված ոռոգման ցանցի նորոգման, մաքրման, հիդրոտեխնիկական կառուցվածքների և ջրաչափական դիտակետերի նորոգման, պոմպակայանների և խորքային հորերի նորոգման աշխատանքների ներկայացման հետ մեկտեղ Հայկազ Տերտերյանը ՋՕԸ-երի տնօրեններին հորդորել է 2018թ․ բնակլիմայական պայմաններից ելնելով՝ ջրտուքը կազմակերպել արդյունավետ կերպով։
Մարզխորհրդի նիստի ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է 2017թ․ սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվության ամփոփմանն ու 2018թ․ նախատեսված ծրագրերին և հավելել, որ դրանք արդեն իսկ հրապարակվել են զանգվածային լրատվության միջոցներով , ինչպես նաև մարտի 17-ին ՀՀ վարչապետի՝ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում ներկայացվել ՀՀ կառավարությանը։
Մարզի ղեկավարը շեշտել է, որ, ըստ արձանագրված ցուցանիշների, Արարատի մարզն առաջինն է հանրապետությունում և ունեցած ձեռքբերումների, համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար շնորհակալություն է հայտնել համայքների ղեկավարներին։ Արամայիս Գրիգորյանը հավելել է նաև, որ թեև ակնհայտ են ձեռքբերումները, սակայն դեռ շատ անելիքներ կան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35