Նորություններ
Ֆրանսիական Սեն Մարտեն Դըղ քաղաքի նվերը Խոր Վիրապ համայնքին
17.04.2018
Ապրիլի 17-ին Արարատի մարզի Խոր Վիրապ համայնք են այցելել Ֆրանսիայի Սեն Մարտեն Դեղ քաղաքի ներկայացուցիչները: Դեռևս 2001թ. Սեն Մարտեն Դեղ և Խոր Վիրապ համայնքի միջև սկսված բարեկամությունը խորը արմատներ ունի: Ֆրանսիացի բարեկամները Արարատի մարզ էին ժամանել որպեսզի Խոր Վիրապ համայնքին նվիրեն <<Ռենո>> մակնիշի միկրոավտոբուս և երեք հեծանիվ, որոնք, ըստ Խոր Վիրապ համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի, օգտագործվելու է համայնքի զարգացման ծրագրերից մեկի` էկոտուրիզմի շրջանակներում:
Քույր քաղաքի կողմից Խոր Վիրապին տրանսպորտային միջոցի հանձնման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, ով մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ֆրանսիացի բարեկամներին մշտապես խորվիրապցիների կողքին լինելու համար:
Սեն Մարտեն Դեղի քաղաքացիական հարցերով փոխքաղաքապետ Սամ Տոսկանոն ևս ողջույնի խոսք է հղել ներկաներին և ավելացրել, որ իրենք, ի նշան բարեկամության, մշտապես պատրաստ են աջակցել Խոր Վիրապ համայնքում իրականացվող զարգացման ծրագրերին: Արարողությունն ավարտվել է համերգային ծրագրով: