Նորություններ
Վեդիում նշել են Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:
06.06.2018
Վեդի համայնքում կայացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին մասնակցող Արարատի և Արմավիրի մարզերի գործընկեր համայնքների հետ միասին կազմակերպված միջոցառում՝ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան: Միջոցառմանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը։
Միջոցառումը միտված էր Արարատյան դաշտի սակավ ստորերկրյա ջրի խնայողության անհրաժեշտության մասին իրազեկության բարձրացմանը: Համայնքների շնորհալի երեխաների մասնակցությամբ միջոցառման շրջանակներում կազմակերպվել են թեմատիկ ցուցահանդեսներ, կայացել պարային ու երաժշտական ելույթներ, որոնք ամփոփվել են մրցանակաբաշխությամբ:
Խոսելով Արարատյան դաշտի սահմանափակ, սակայն արժեքավոր ջրային պաշարները շարունակական ուշադրության կենտրոնում պահելու մասին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռաֆիկ Մանսուրը շեշտել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է աջակցել այս թանկարժեք ռեսուրսի արդյունավետ օգտագործմանն ուղղված Հայաստանի ջանքերին:










