Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

14.06.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր այցելել են Արարատի մարզի մի շարք համայնքներ և մթերող կազմակերպություններ՝ շրջայց կատարելով Վերին Դվին, Դվին համայնքներում , «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի մթերման կայանում և «ԱՐՏՖՈՒԴ» Արտաշատի պահածոների գործարանում:
Մարզի ղեկավարի և գյուղատնտեսության նախարարի այցի առաջին կանգառը եղել է Վերին Դվին համայնքը: 2700 բնակչություն ունեցող համայնքում, ըստ համայնքի ղեկավարի, այս տարի նախատեսվում է ստանալ 800 և ավելի տոննա ծիրանի բերք: Համայնքի մի քանի ֆերմերներ արդեն իսկ անցել են կաթիլային ոռոգման համակարգի և զգացել դրա արդյունավետությունը ջրի, ժամանակի խնայողության և մի շարք այլ տեսանկյուններից: Գյուղատնտեսության նախարարին և Արարատի մարզպետին ներկայացնելով հողի մշակման հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր՝ հողագործները շեշտել են, որ ցածր տոկոսադրույքով վարկերի ու ոռոգման ջրի անխափան մակատակարարման դեպքում մշակվող բերքի ցանկը կհամալրվի ևս մեկ բանջարաբոստանային կուլտուրայով՝ ելակով:
Դվին համայնքում այգեգործները հիմնականում զբաղվում են ծիրանի ու դեղձի մշակմամբ: Տեղի ֆերմերները ևս կարծում են, որ ոռոգման ջրի բնականոն մատակարարման ու վարկերի ցածր տոկոսադրույքներից բացի գյուղացու հոգսի թոթափման և ներքին շուկայում բերքի արդյունավետ սպառման տարբերակ կարող է հանդիսանալ մայրաքաղաքում հատուկ ֆերմերների համար նախատեսված գյուղատնտեսական շուկայի առկայությունը:
Գյուղացիների հետ զրույցի ընթացքում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել մի նախագիծ, ըստ որի՝ տարեսկզբին գյուղացին հնարավորություն կունենա ապահովագրել իր բերքն ու, անբարենպաստ եղանակի պատճառով առաջացած խնդիրների դեպքում, կստանա ֆինանսական փոխհատուցում:
Արարատի մարզի մթերող ձեռնարկություններն այս պահին ծանրաբեռնված են առավելապես պահածոների արտադրման աշխատանքներով: Պռոշյանի կոնյակի գործարանի Մրգավանի մասնաճյուղում մեծ թափով սկսել են կանաչ ընկույզի և բալի պահածոյացման աշխատանքները: Ընդհանուր առմամբ՝ գործարանի արտադրանքի 70 տոկոսը նախատեսված է արտաքին շուկայի՝ մեծամասամբ Ռուսաստանի Դաշնության համար:
Արտաշատի պահածոների գործարանում ևս ակտիվ արտադրողական պրոցես է, ընթանում են նոր սարքավորումներով համալրման աշխատանքներ, ինչը թույլ կտա կրկնապատկել արտադրանքի ծավալը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45