Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
18.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հակիրճ տեղեկատվություն են ներկայացրել իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Խորհրդակցության ժամանակ,մասնավորապես, քննարկվել են ծիրանի մթերման կազմակերպման, ոռոգման համակարգի խնդիրների կարգավորման, շինարարական և ասֆալտապատման աշխատանքների ընթացքի, վարչական հսկողության, մարզի առողջապահական և կրթական հաստատություններում ծագած խնդիրների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու վերաբերյալ հարցեր:
Մարզի ղեկավարը կարևորել է մարզպետարանի և քաղաքացիների ու տարբեր կառույցների հետ աշխատանքային շփումներում բարեփոխումների անհրաժեշտությունը, նոր գաղափարների ներմուծումը և իրագործումը: Համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարվել է անհրաժեշտ հսկողություն իրականացնել և ուշադրության կենտրոնում պահել իրականացվող ծրագրերի և աշխատանքների ընթացքը՝ ապահովելով դրանց՝ նշված ժամկետներում և պատշաճ որակով կատարումը:
Անդրադառնալով Արարատի մարզում այս պահին իրագործվող տարբեր ծրագրերի ընթացքին` մարզպետը հորդորել է աշխատանքները համակարգված իրականացնել հատկապես գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, առողջապահական և սոցիալական խնդիրների ուսումնասիրման ժամանակ մանրամասնորեն լսել բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Մարզպետարան ներկայացված քաղաքացիների դիմում-բողոքների և կազմակերպությունների առաջարկությունները տեղերում ուսումնասիրելու նպատակով Գարիկ Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբեր ստեղծել, հավասարապես լսել բոլոր կողմերին և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել քննարկման:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս, մարզպետի կողմից պատասխանատուներին տրվել են նոր հանձնարարականներ :