Նորություններ
Արարատի մարզպետն այցելել է Մասիսի բժշկական կենտրոն
21.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հերթական աշխատանքային այցի շրջանակներում եղել է Մասիսի բժշկական կենտրոնում: Մարզի ղեկավարի այցը համընկել է առողջապահության համակարգի աշխատողների մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա հետ: Մասիսի տարածաշրջանի գլխավոր բուժհաստատության անձնակազմի հետ հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը նախ շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ, ապա շեշտել, որ ընտանիքի, հասարակության ու պետության հիմքն, անկասկած, առողջությունն է.
- Ձեր ձեռքերում է մարդու և քաղաքացու համար կենսական գործոնի՝ առողջության պահպանման ղեկը, այդ իսկ պատճառով հորդորում եմ ձեզ մշտապես առաջնորդվել մարդասիրական սկզբունքներով և մեծ պատրաստակամությամբ դերակատարում ունենալ առողջ հասարակության ձևավորման գործընթացներում:
Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են առողջապահական հիմնարկում առկա խնդիրները, որոնց լուծման ուղիներն, ըստ մարզպետի, իրատեսական կարող են համարվել միմիայն օրենքի շրջանակներում և օրենքի տառին համապատասխան: Վերջին շրջանում բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվությամբ հանդես գալուց բացի տնօրեն Նունե Ավանեսյանը հանդիպման ընթացքում մարզի ղեկավարին է ներկայացրել նաև առաջիկայում իրականացվելիք աշխատանքներն ու զարգացման ծրագրերը:
Այցի ավարտին Գարիկ Սարգսյանը, կրկին դիմելով ներկաներին, ասել է, որ շփման համար բաց է բոլորի առջև, մշտապես պատրաստ է լսել յուրաքանչյուրի կողմից բարձրացված ցանկացած հարց՝ լուծման իրատեսական ուղիները տեսնելով համատեղ աշխատանքի արդյունքում: