Նորություններ
Արարատի մարզպետը հանդիպել է հողագործների հետ
26.06.2018
Արարատի մարզում այս պահին գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է : Հողի մշակման բնականոն աշխատանքները, սակայն, երբեմն խոչընդոտվում են ոռոգման համակարգում ի հայտ եկող խնդիրներով: Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Նարեկ համայնքի մի շարք հողագործների: Խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող նարեկցիները մարզի ղեկավարին են դիմել հատկապես տարվա այս եղանակին ոռոգման համակարգում ի հայտ եկող խնդիրների լուծման խնդրանքով: Բարձրաձայնված հարցերը, մասնավորապես, վերաբերել են դեռևս անցյալ դարում համայնքում կառուցված ջրի հոսքագծերի անսարքությանն ու հնամաշությանը, որի հետևանքով ջուրը պատշաճ կերպով չի հասնում հասցեատիրոջը, ինչպես նաև ջրի պոմպերի աշխատանքին: Լսելով գյուղացիներին` Գարիկ Սարգսյանն ասել է, որ խնդրին ոչ թե մակերեսային, այլ խորքային լուծում տալու համար հարկավոր է այն ենթարկել մանրազնին ուսումնասիրության, քննարկում կազմակերպել ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ և գտնել իրատեսական լուծումներ: Իսկ մինչ հարցի վերջնական լուծումը, կձեռնարկվեն բոլոր միջոցները այլընտրանքային եղանակներով գյուղացիներին ջուր մատակարարելու համար: