Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ Արարատի մարզպետարանում

28.06.2018

Հունիսի 28-ին կայացած մարզխորհրդի նիստը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, ներկայացրել Արարատի մարզպետի նորանշանակ տեղակալ Արտավազդ Նազարեթյանին և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանին:
Ըստ մարզխորհրդի օրակարգի` մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ առաջինը ելույթ է ունեցել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Տերտերյանի զեկույցը, մասնավորապես, վերաբերել է ապրիլ ամսվա ցրտարահության հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասի չափին, մարզպետարանի կողմից վնասների նվազեցմանն ուղղված աշխատանքներին, մարզ ներկրված պարարտանյութերի քանակին ու բաշխմանը, ինչպես նաև համայնքներում անասնաբուժական ծառայությունների ու բուսասանիտարիայի շրջանակներում իրականացվող գործընթացներին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն անդրադարձել է նաև հատկապես այս շրջանում ոռոգման համակարգում ի հայտ եկող խնդիրներին և հավելել, որ ճիշտ կառավարման դեպքում ոլորտի խնդիրները կլինեն ավելի քիչ:
Այնուհետև մարզի համայնքների բյուջեների 5 ամիսների կատարողականի մասին զեկույցով հանդես է եկել Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը և ներկայացրել մարզի գյուղական ու քաղաքային համայնքներում սեփական եկամուտների, հողի, գույքահարկի և այլ տուրքերի կատարողականները` առանձնացնելով առավելապես բարձր և ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքները:
Մարզխորհրդի նիստի օրակարգային վերջին հարցը վերաբերել է 2018թ. 1-ին կիսամյակում մարզի համայնքներում մարզպետարան կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներին, որի մասին զեկուցել է ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Ալինա Լալայանը: ՏԻ և ՀԳՄ վարչության պետը համառոտ ներկայացրել է մարզի տարբեր տարածաշրջանների 15 համայնքներում ՏԻՄ, առևտրի և ծառայությունների, հողաշինության և հողօգտագործման, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքները:
Մարզխորհրդի նիստում օրակարգային զեկույցներին վերաբերող հարցերի պարզաբանմամբ ելույթ են ունեցել նաև մի շարք համայնքների ղեկավարներ` անդրադառնալով անասնաբուժական ծառայությունների ընթացակարգերին, ոռոգման համակարգում առկա խնդիրներին և այլն:
Մարզխորհրդի նիստին օրակարգից դուրս ելույթ են ունեցել նաև Արարատի գլխավոր զինկոմ Արայիկ Մուրադյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Արման Ամիրջանյանը: Արայիկ Մուրադյանն անդրադարձել է ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին և համայնք-զինկոմ կապին, իսկ Արման Օհանջանյանը խոսել է քաղաքացիական պաշտպանության բնագավառի մի շարք հարցերի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել բարձրացված հարցերն ու համագործակցությունը դարձնել ավելի սերտ:
Մարզխորհդի նիստի ավարտին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը անդրադարձել է սոցիալական, գյուղատնտեսական ոլորտներում մի շարք համայնքների ղեկավարների թերի աշխատանքին, շեշտել, որ, անկախ կուսակցական պատկանելիությունից, նրանք պարտավոր են պատշաճ կերպով և ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց պարտականությունները: Գարիկ Սարգսյանը հավելել է նաև, որ առկա խնդիրների լուծման ուղղությամբ պատրաստ է համայնքների ղեկավարների հետ տանել համատեղ աշխատանք և այդ նպատակին հասնելու համար նրանց հետ միասին քայլել մեկ ընդհանուր ճանապարհով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23