Նորություններ
Արարատի մարզպետը GeoProMining-ի ղեկավարության հետ քննարկել է ընկերության կողմից մարզում իրականացվող հեռանկարային ծրագրերը
03.07.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել «GeoProMining Gold ընկերության ղեկավարության հետ, որը շահագործում է մարզում գտնվող Արարատի ոսկու կորզման գործարանը:
Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Արարատի մարզպետին է ներկայացրել ոսկու կորզման գործարանի արտադրական ծավալների հզորացմանն ուղղված ներդրումային ծրագրերը:
Գործարանի արտադրական ծավալներին ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը, որն այս պահին սահուն տեմպերով առաջ է ընթանում, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Բացի այդ, «GPM Gold –ի ղեկավարությունը Արարատի մարզպետին է ներկայացրել ընկերության կողմից սոցիալական ոլորտում մարզում իրականացված ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են այդ ոլորտում համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ապահովել Արարատի մարզում բնակվող սոցիալապես անապահով ու շահառու ընտանիքների երեխաներին բարձրակարգ տրանսպորտային միջոցներով Հանքավանի ամառային ճամբարներ տեղափոխումը:
«Տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համագործակցությունն այդ համայնքների տարածքում գործող խոշոր մասնավոր կազմակերպությունների հետ նպաստում է մարզերի զարգացմանը: «GeoProMining» ընկերությունը մեր տարածաշրջանի խոշորագույն կազմակերպություններից մեկն է, եւ կարծում եմ, որ մեր համագործակցությունը հիմնված է երկուստեք շահերի վրա», - նշել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«GeoProMining Gold ընկերությունը իր կողմից շահագործվող ձեռնարկությունների հարակից համայնքերում հետևողական քաղաքականություն է իրականացնում սոցիալական և համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ընկերության կողմից Արարատի մարզում իրականացվող սոցիալական ծրագրերն ուղղված են կրթական ենթակառուցվածքների բարելավմանը, մարդկային ներուժի զարգացմանը, ինչպես նաև համայնքներում շրջակա միջավայրի պայմանների բարելավմանը: Որպես սոցիալական պատասխանատու ընկերություն` «GeoProMining-ը շարունակելու է ոչ միայն կատարել իր պարտավորությունները պետական և տեղական բյուջեների նկատմամբ, այլև շարունակելու է նպաստել ընկերության կողմից շահագործվող ձեռնարկություններին կից համայնքների սոցիալական զարգացմանը», - նշել է GeoProMining Gold-ի գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:
Արարատի ոսկու կորզման գործարանում GeoProMining ընկերության ներդրումները կազմում է 150 միլիոն դոլար, իսկ գործարանն ունի 450 աշխատող: