Նորություններ
Սուրեն Պապիկյանի մոտ կայացել է մարզպետների մասնակցությամբ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը
04.07.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հուլիսի 3-ին տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին կադրային փոփոխություններ անելիս համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավումը։
Իր հերթին Արսեն Թորոսյանը խնդրել է մարզպետներին ակտիվ համագործակցել նախարարության հետ՝ մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված և համահունչ լուծումներ տալու նպատակով։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվելով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի արդյունքները՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է դրանք գործնական դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը և հորդորել օգտվել մարզի զարգացմանը, գործընկերային նոր կապերի հաստատմանը նպաստող ցանկացած հնարավորությունից։ Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների բյուջեներում «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածով պարտքերի առաջացման, 3000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքներում համացանցային կայքերի գործարկմանն առնչվող հարցեր։
Խորհրդակցության ավարտին տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու, քաղաքացիների համար հանգստի հանրային տարածքների հասանելիությունը ապահովելու, սուբվենցիայի ծրագրերի ընթացքի նկատմամբ հետևողականություն դրսևորելու, անդրսահմանային ու միջռեգիոնալ համագործակցությունը խորացնելու և այլ հարցերի ուղղությամբ։
www.mtad.am