Նորություններ
Հանդիպում << Վեոլիա ջուր>> ընկերության ներկայացուցիչների հետ
17.07.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է <<Վեոլիա ջուր>> ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին, <<Արևելք>> տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանին, տնօրենի տեղակալ Գաբրիել Մելիքսեթյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի համայնքներում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի հետ կապված հարցեր,երկուստեք արվել են խնդիրների լուծման առաջարկներ: Մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է հատկապես վերջերս մարզի բնակիչների շրջանում լայն տարածում գտած բողոքները, մտահոգություն հայտնել ընկերության սպասարկման որակով պայմանավորված նրանց պատճառած անհարմարությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք լուրջ և արդարացի դժգոհությունների ալիք են բարձրացնում: Գարիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնախնդիրների լուծմանը և միասին փնտրել խնդիրների լուծման իրատեսական տարբերակներ: <<Վեոլիա ջուր>> ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, ներկայացնելով ջրամատակարարման ոլորտում Արարատի մարզում իրականացվող ծրագրերը, նշել է, որ համակարգում պարբերաբար իրականացվում են բարեփոխումներ,սակայն առանց խոշոր ներդրումների, մարզային, քաղաքային իշխանությունների ու բնակիչների աջակցության դժվար է հասնել ցանկալի արդյունքների՝ավելացնելով, որ 2018 թվականին մարզում նախատեսվում է կատարել շուրջ 113 մլն դրամի ներդրում: Մարզպետ Գարիկ Սարգսյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության աշխատանքներին և մարզպետարանի իրավասությունների շրջանակներում լուծումներ տալ խնդրահարույց հարցերին: Նա հույս է հայտնել, որ ընկերության և մարզպետարանի համագործակցությունը արդյունավետ կլինի և շուտով կտա ցանկալի ու տեսանելի արդյունք: Միևնույն ժամանակ մարզի ղեկավարն առաջարկել է խնդիրները լուծելու ժամանակ առաջնային համարել բնակչության շահը, առավել օպերատիվ գործունեության իրականացմամբ հայտնաբերել ու վերացնել ջրագծերի ապօրինի միացումները:
Սահմանամերձ Երասխ համայնքի խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրների կարգավորման համար Գարիկ Սարգսյանը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարել է <<Վեոլիա ջուր>> ընկերության աշխատակիցների հետ համատեղ այց կազմակերպել , ուսումնասիրություն կատարել և ներկայացնել հստակ առաջարկություններ:
Շնորհակալություն հայտնելով մարզպետ Գարիկ Սարգսյանին համագործակցության առաջարկի համար՝ Գոռ Գրիգորյանն ընդգծել է, որ ակտիվ և փոխշահավետ համագործակցությունը մեծապես կնպաստի մարզի համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ու սպասարկման որակի բարձրացմանը: Հանդիպման մասնակիցները, ծագած խնդիրներին արագ լուծում տալու գործում կարևորելով մարզպետարանի դերը, պատրաստակամություն են հայտնել մարզային կառույցի հետ համատեղ աշխատել նույնիսկ շուրջօրյա ռեժիմով և անմիջապես անդրադառնալ համայնքներում առաջացած խնդիրներին: Մարզպետը ևս ընկերության ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել առաջացած հարցերին ու ծառացած խնդիրներին լուծում տալու պատրաստակամության համար: