Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Արարատի մարզ

20.08.2018

 
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն օգոստոսի 19-ին ընդունել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին և նրա տեղակալներին:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել այցելության համար՝ նշելով, որ բազմաթիվ խնդիրների լուծման համար խիստ կարևոր է մշակույթի նախարարության աջակցությունը:
Մարզպետարանում նախարարին հակիրճ ներկայացվել է մշակույթի ոլորտում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը, մարզպետարանի կողմից կատարված աշխատանքները:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ անցյալ տարի ավարտված, սակայն ոչ որակյալ  հիմնանորոգման աշխատանքներին, որից հետո Լիլիթ Մակունցը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է թատրոնի շենք ,տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին և պայմաններին: Թատրոնի տնօրենը և դերասանները նախարարին ներկայացրել են առկա խնդիրները, իրականացված  վերանորոգման աշխատանքների հետ կապված դժգոհությունները, թատրոնի ապագայի վերաբերյալ իրենց մտահոգությունները, ինչպես նաև ծանոթացրել թատրոնի առաջիկա ծրագրերին: Լիլիթ Մակունցը պատասխանել է ներկաների հուզող հարցերին և պատրաստակամություն հայտնել քննարկելու ներկայացրած նորարարական առաջարկները և աջակցելու թատրոնին նոր շունչ հաղորդող ծրագրերին: Այնուհետև նախարարը եղել է Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում,զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել շենքային պայմաններին, գրադարանի բաժիններին, գրքային ֆոնդին, հետաքրքրվել ընթերցողների հաճախումներով: Գրադարանի աշխատանքներին ավելի լայն թափ հաղորդելու համար Լիլիթ Մակունցն առաջարկել է նորօրյա մոտեցումներ կիրառել:

Այցի շրջանակներում նախարարը շրջել է Դվինի հնավայրի տարածքում, ծանոթացել նրա առանձնահատկություններին, զբոսաշրջային գրավչության և մատչելիության աստիճանին: Մարզպետ Գարիկ Սարգսյանի և Հնաբերդ համայնքի ղեկավարի հետ համատեղ քննարկվել են պատմամշակութային համալիրն առավել գրավիչ դարձնելու, հարակից տարածքի բարեկարգման և զբոսաշրջիկների համար այն ավելի հարմարավետ վայր դարձնելուն վերաբերող հարցեր: Նախարարը հավաստիացրել է, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները: Լիլիթ Մակունցը և Գարիկ Սարգսյանը վերջում այցելել են նաև Գետազատ համայնք, ուսումնասիրել նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեցող Գետազատի մշակույթի տունը:

Այցի ավարտին նախարարը և մարզպետը քննարկել են նաև մարզի մշակութային կյանքի աշխուժացման հետ կապված հետագա անելիքները: Լիլիթ Մակունցը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել մարզում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը նպաստող խնդիրների լուծմանը: Մարզպետ Գարիկ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նախարարին մարզի մշակութային օջախների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու, առկա խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամության համար՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նման այցելությունները կկրեն շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55