Նորություններ
Արարատի մարզպետի հերթական աշխատանքային այցը գյուղական համայնքներ
23.08.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն օգոստոսի 22-ին այցելել է մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Եղեգնավան և Նոյակերտ համայնքներ, հանդիպել համայնքների ղեկավարների, ավագանու անդամների ու բնակիչների, կրթական ու բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն անկաշկանդ ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրներն ու դրանց հետ կապված իրենց մտահոգությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքներում խմելու և ոռոգման ջրի մատակարարմանն ու գազաֆիկացմանը, կրթական հաստատությունների հիմնանորոգմանն ու լոկալ ջեռուցման անցկացմանը, համայնքային ենթակառուցվածների բարելավմանը, ինչպես նաև տարվա այս շրջանում Արարատի մարզում ակտուալ համարվող խաղողի մթերման գործընթացներին վերաբերող հարցեր:
Պատասխանելով բնակիչների կողմից բարձրացված հարցերին` մարզպետը վստահեցրել է, որ առաջնահերթության սկզբունքով նախապատվությունը տրվելու է կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն ու համայնքների զարգացմանը նպաստող ծրագրերի իրագործմանը:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին անմիջական շփման հնարավորություն ստանալու և համայնքների հիմնախնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամության համար: