Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

29.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր:

Նախարարը հանձնարարել է հետևողական լինել համայնքներում հարկերի վճարման, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պարտքերի մարման գործընթացների նկատմամբ, նշելով, որ որքան մեծ լինեն համայնքային բյուջեները, այնքան համայնքներում ավելի շատ ծրագրեր կարելի է իրականացնել:

Խորհրդակցության ընթացքում հերթական անգամ առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացի նկատմամբ: Մասնավորապես` տեղեկացվել է, որ նախորդ շաբաթ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանություն է ստացել 35 ծրագիր, քննարկման է ներկայացվել ևս 41-ը։ Ֆինանսավորման գործընթացներն արդեն մեկնարկել են 25 ծրագրի համար: Նախարարը կարևորել է ծրագրի մասին հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և այս ուղղությամբ արդյունավետ և համակարգված աշխատանքների կազմակերպման հարցերը:

Ի թիվս օրակարգային մյուս հարցերի` քննարկվել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպումը համայնքներում: Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարևորվել է շաբաթօրյակի հստակ սխեմաների, ինչպես նաև ըստ տարածքների պահանջվող տեխնիկայի վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը:

Խոսելով մարզային (համայնքային) ենթակայության սոցիալական աջակցության տարածքային մարմիններում նպաստառուներին գումարների հատկացման գործընթացների օրինականության մասին` նախարար Պապիկյանը հորդորել է մարզպետներին անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին` այս կառույցներում հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով:

Հաշվի առնելով Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը` Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել ոռոգման նպատակով տրամադրվող ջրի քանակի, դրա նպատակային և համաչափ բաշխման հետ կապված հարցերը և մինչև ոռոգման սեզոնի ավարտը 10-օրյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին։ Այս համատեքստում քննարկել գյուղացիական տնտեսություններին ոռոգման նպատակով ջուրը նպատակային օպտիմալ քանակով տրամադրելու, ինչպես նաև դրա այլընտրանքային տարբերակների վերաբերյալ հարցերը և արդյունքների մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել: Ոռոգման ջրի վատնումները բացառելու նպատակով նախարարը հանձնարարել է Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր ձևավորել և տեղերում պարբերական այցեր իրականացնել:

Խորհրդակցության ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ խնդիր է դրված հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներն ապահովել պատշաճ պայմաններ ունեցող հասարակական զուգարաններով։ Մարզպետներին հանձնարարվել է ուսումնասիրել մարզի տարածքում, ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների համապատասխանությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին և տեղեկացնել ուսումասիրության արդյունքների մասին:

28.08.2018

www.mtad.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18