Նորություններ
Խորհրդակցություն՝ համապետական շաբաթօրյակին ընդառաջ
05.09.2018
Սեպտեմբերի 8-ին կայանալու է համապետական հերթական շաբաթօրյակը, որն Արարատի մարզում պատշաճ կերպով կազմակերպելու համար մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով՝ կազմված մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզում տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներից: Սեպտեմբերի 5-ին Արարատի մարզպետարանում կայացել է վերոհիշյալ հանձնաժողովի նիստը՝ մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի գլխավորությամբ: Շաբաթօրյակի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները քննարկելուց հետ մարզպետի տեղակալը հորդորել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ մեր շրջակայքն ու մարզը մաքրելուն ուղղված հերթական ծրագրին և ավելացրել, որ բոլոր համայնքների վերաբերյալ արդեն իսկ կազմվել ու մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրվել են համապատասխան սխեմաներ, որոնք լիարժեք տեղեկատվություն են պարունակում տվյալ համայնքում առկա աղբավայրերի կամ աղբակույտերի, շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկված կառույցների մասնակիցների ու մարզպետարանի կողմից տվյալ համայնք լիազորված ներկայացուցչի վերաբերյալ: Հայրապետ Բաբայանն ավելացրել է նաև, որ աղբամաքրման աշխատանքներին ընդհանուր առմամբ ընդգրկված է լինելու պետական հատվածը ներկայացնող 8-10000 անձ և 200 տեխնիկա: