Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

10.09.2018

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային սեփական եկամուտների կատարման ընթացքին, ոռոգման ջրի համաչափ բաշխմանը, մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր, ամփոփվել նախորդ շաբաթ անցկացված համապետական շաբաթօրյակի արդյունքներն ու նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Խոսելով արդեն տևական ժամանակ քննարկվող միջպետական ավտոմոբիլային ճանապարհների եզրերին տեղակայված առևտրի կետերում կամ գազալցակայաններում հանրային զուգարաններ կառուցելու խնդրի մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ քննարկվում են գազալցակայանների շենքային ենթակառուցվածքներում կամ դրանց բացակայության դեպքում հարակից տարածքներում հասարակական զուգարանների տիպային չափորոշիչներ սահմանելու հարցը, որի ավարտից հետո կմեկնարկեն ծրագիրը կյանքի կոչելուն ուղղված աշխատանքները։

Անդրադառնալով բնակչության շրջանում մեծ դժգոհությունների առիթ հանդիսացող և հասարակական լայն շերտերին հուզող ոռոգման ջրի համաչափ բաշխման հիմնախնդրին՝ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է ամեն կաթիլ ջուրը արդյունավետ օգտագործելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մասին և շեշտել, որ այսուհետ անհրաժեշտ է բացառել հնարավոր բոլոր տեսակի չարաշահման և օրինազանցության դեպքերն ու ապահովել ջրի արդար բաշխման պրակտիկա։ Նախարարը մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել հետևողական գտնվել ջրային ռեսուրսների կորուստները նվազագույնի հասցնելու և վերահսկողական կարողությունները մոբիլիզացնելու գործում։

Նախարարը մտահոգություն է հայտնել հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ցուցանիշների վերաբերյալ և մարզպետներին հորդորել ճիշտ վարչարարության կիրառման միջոցով փնտրել և գտնել ոլորտի ցուցանիշների բարելավման եղանակներ։

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է նաև նախորդ շաբաթ հանրապետությունում անցկացված համապետական շաբաթօրյակի, դրա իրազեկման ձևի և բովանդակությանն առնչվող հարցեր։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել մարզպետներին շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար և հավելել, որ անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ջանքերն այս շաբաթ կայանալիք «Մաքուր մոլորակ» միջազգային նշանակության միջոցառմանն ավելի պատրաստված ու համախմբված ներկայանալու նպատակով։

Ներկայացնելով Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովում արձանագրված հաջողություններն ու գրանցված աննախադեպ ակտիվությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետ Վահե Ղալումյանին միջոցառումը բարձր մակարդակի կազմակերպելու և անցկացնելու համար։ Սուրեն Պապիկյանը ներկա մարզպետներին կոչ է արել որպես նախադեպ ընդունել ներդրումային համաժողով կազմակերպելու Տավուշի օրինակը և միջոցառումներ ձեռնարկել նմանատիպ համաժողովներ սեփական տարածաշրջաններում կազմակերպելու ուղղությամբ։

www.mtad.am 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35