Նորություններ
Արարատի մարզի պատվիրակությունը՝ Գիլանի նահանգում
12.09.2018
Սեպտեմբերի 5-8-ը ընկած ժամանակահատվածում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական հանրապետության Գիլան նահանգում, որի ընթացքում մարզի ղեկավարին ուղեկցել են մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատի մարզը ներկայացնող գործարարներ: 2016թ. Արարատի մարզի և Գիլանի նահանգի միջև կնքված փոխգործակցության համաձայնագրի շրջանակներում կազմակերպված այցի ընթացքում Արարատի մարզի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գիլանի նահանգի ղեկավար կազմի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Գիլանի նահանգապետ Մուստաֆա Սալառիի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Արարատի մարզի և Գիլանի նահանգի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները: Ընդ որում, քննարկումների ընթացքում իրանական կողմը կարևորել է Հայաստանի՝ Եվրասիական տմտեսական միության անդամ լինելն ու շեշետել, որ Հայաստանը կարող է մեծ աջակցություն ցուցաբերել իրենց դեպի Եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու համար:
Մարզի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցի ընթացքում եղել է նաև Գիլանի Ռաշդ քաղաքում տեղակայված Առևտրի պալատում, ուր կայացած բանակցություններ արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետությունից ձկնկեր, ալյուր արտահանելու, ՏՏ ոլորտում համագործակցություն սկսելու, ազատ տնտեսակլան գոտում «Դիլիջան» ոչ ալկոհոլային գարեջուրը ներկայացնելու համար: Երկու երկրների տնտեսության զարգացման համար բանակցություններ են ընթացել նաև ցեմենտի, մետաղական շինանյութի, պարարտանյութի ներկրման ուղիներ փնտրելու ուղղությամբ: Ի դեպ, Ռաշդն ունի հայկական համայնք, եկեղեցի և չգործող հայկական դպրոց:
Գիլանի «ՏԱԱՍ» ձկնարդյունաբերական կենտրոն կատարած այցելության ընթացքում ևս դրական արդյունքներ են գրանցվել. իրանցի գործարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստանում տնտեսության այս ոլորտում ևս ներդրումներ անելու և ձկնկիթի արտարդրություն հիմնելու:
Արարատի մարզպետի գլխավորած պատվիրակության հանդիպումները չեն սահմանափակվել միայն Գիլանի նահանգով: Թեհրանի «Արարատ» հայկական կենտրոնում ԻԻՀ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Արտաշես Թումանյանի և գործարարների հետ շփումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանցի գործընկերներին այցն Արարատի մարզ կազմակերպելու և համաձայնագրեր ստորագրելու ուղղությամբ: