Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

29.09.2018

  Սեպտեմբերի 28-ին կայացել է մարզխորհրդի հերթական նիստը,որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Բացելով նիստը՝ մարզպետը ողջունել է ներկաներին և ներկայացրել օրակարգը: Առաջինը զեկույցով հանդես է եկել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վանիկ Սանոյանը՝ ներկայացնելով մարզում բերքահավաքի ընթացքի և մթերումների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնի պետը տեղեկացրել է, որ մարզպետարանի և գյուղատնտեսության ոլորտը սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ՝ ցանքերի մշակության, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի կազմակերպման համար: Աջակցություն է ցուցաբերվել ջրօգտագործող ընկերություններին և բնակիչներին ոռոգման ջրի մատակարարման, բերքի մթերումը կազմակերպելու գործում: Ներդրումները խթանելու նպատակով այս տարի ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու նպատակով մարզում կազմակերպված դասընթացների 703 մասնակցից 678-ը ստացել են հավաստագիր, որից 448-ը վարկավորվել են 2 մլրդ 144 մլն դրամով:
Բաժնի պետը զեկուցել է նաև, որ տարվա բարձր ջերմային ֆոնը ջրօգտագործողների և ջրամատակարարների համար մեծ դժվարություններ է ստեղծել հատկապես Նարեկ, Քաղցրաշեն, Գոռավան, Վանաշեն, Այգեստան համայնքներում: Ջրամատակարարումն ապահովելու համար պատասխանատուները փորձել են անել առավելագույնը , սակայն ջրի սակավության պատճառով հնարավոր չի եղել բավարար արդյունք ստանալ: Վանիկ Սանոյանը ընդգծել է, որ համայնքների ղեկավարները մեծ դերակատարություն ունեն ոռոգման ջրի արդյունավետ և նպատակային օգտագործումը կազմակերպելու հարցում, միաժամանակ տեղեկացրել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել գյուղացիական տնտեսություններին անխափան ոռոգման ջուր մատակարարելու վերաբերյալ առաջարկություններ: Մարզի 11 համայնքներում համաֆինանսավորման պայմանով կազմվում են ոռոգման ներտնտեսային ցանցերի վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Խաղողի բերքահավաքը անցնում է սահուն, այսօրվա դրությամբ մարզի 15 գործարանների կողմից մթերվել է 42427 տոննա խաղող՝ 1 կգ-ը 140 դրամով, իսկ առանձին սորտերը՝ մինչև 190 դրամով: Մարզի պահածոներ արտադրող գործարաններում սեպտեմբերի 26-ի դրությամբ մթերվել է 13632 տ բանջարեղեն, որից լոլիկ՝ 9174 տ: Մարզում շարունակվում է պտղի բերքահավաքը, սեպտեմբերի 20-ի դրությամբ արտադրվել է 65400տ պտուղ, այդ թվում ծիրան՝ 34800 տոննա, որից արտահանվել է մոտ 25000 տոննա: Պտղի մթերման և արտահանման հարցերում խնդիրներ չեն առաջացել: Սեպտեմբերի 20-ի դրությամբ արտադրվել է 11752 տ հացահատիկ և հատիկաընդեղեն, կարտոֆիլ՝ 16500տ, բոստան՝ 35400 տ, բանջարեղեն՝ 107000տ, որից լոլիկ՝ 45600տ, կուտակվել է 64000տ խոտ : Զանգակատուն համայնքում հակառակորդի դիտարկման տակ գտնվող 11 հա գարի չի հնձվել:
Այնուհետև մարզի համայնքների բյուջեների 8 ամիսների կատարողականի մասին զեկույցով հանդես է եկել Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը և ներկայացրել մարզի համայնքներում սեփական եկամուտների, հողի, գույքահարկի և այլ տուրքերի կատարողականները` առանձնացնելով առավելապես բարձր և ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքները:
Մարզպետը Գարիկ Սարգսյանը ցածր ցուցանիշներ ապահոված համայնքի ղեկավարներին հորդորել է աշխատանքներ տանել իրավիճակը շտկելու համար: Մարզպետը նշել է, որ համայնքների ղեկավարները պետք է իրազեկեն իրենց բնակիչներին, որ զիջումներ չեն լինելու, հարկերից խուսափողներ չեն կարող լինել, և բոլորը հավասարապես ու հնարավորինս արագ պետք է վճարեն կուտակված պարտքերը:
Մարզխորհրդի նիստի օրակարգային վերջին հարցի՝ պետական ֆինանսավորմամբ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին զեկուցել է Ճարտարապետաշինարարական բաժնի պետ Սարգիս Բարսեղյանը: Բաժնի պետի տեղեկացմամբ 2018 թ-ին համայնքների ղեկավարները ներկայացրել են մարզում հրատապ լուծում պահանջող ծրագրեր, առաջին փուլով կառավարության հավանությանն են արժանացել հիմնականում խմելու ջրի և ոռոգման ջրի ներքին և արտաքին ցանցերի կառուցմանը վերաբերող ծրագրերը՝ 413 802,800 դրամ արժեքով։ Նշված ծրագրերը գտնվում են նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման փուլում:
Մարզխորհրդի նիստին անդրադարձ է կատարվել նաև մարզպետարան-համայնք կապին, նշվել, որ որոշ համայնքներից անհրաժեշտ տեղեկատվության ուշացումը առաջ է բերում որոշակի խոչընդոտներ մարզպետարանի աշխատանքներում: Խոսվել է նաև <<ՇԱՆԹ-2018>> զորավարժության ընթացքում ի հայտ եկած որոշ բացթողումների մասին: Նիստի ընթացքում ներկայացվել է Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի նախկին տնօրենի կատարած չարաշահումների ու պետությանը պատճառված վնասների վերաբերյալ Արարատի մարզի դատախազի միջնորդագիրը` համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով դրանում նշված հանգամանքների, մասնավորապես, համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների հատկապես ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության և բյուջետային գործընթացի արդյունավետ կառավարման ոլորտում նրանց լիազորությունների պատշաճ իրականացման վրա` հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու և համայնքների բյուջեներից գումարների հափշտակությունը կանխելու նպատակով:
Ամփոփելով մարզխորհդի նիստը և անդրադառնալով Արարատի մարզի համայնքների ղեկավարների աշխատանքային բացթողումներին և չարաշահումերին` Գարիկ Սարգսյանը նրանց առաջարկել է վերլուծություններ անել և  ձեռնարկել կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված կլինեն բնակիչների վստահության քվեն վերադարձնելուն: Մարզպետը շեշտել է, որ համայնքի բյուջեն համայնքի սեփականությունն է, ցանկացած ծախս պետք է արդարացված լինի: Համայնքի ղեկավարը պարտավոր է տեղյակ լինել, թե ինչ է կատարվում համայնքային ենթակայությամբ գործող ցանկացած կառույցում. անտեղյակությունը կարող է դիտվել որպես հանցավոր համաձայնության արդյունք: Համայնքի ղեկավարի աշխատանքը պետք է ուղղված լինի ի շահ համայնքի ու բնակչի, որ քաղաքացիների մոտ չառաջացնի դժգոհության ալիք ,որը կարող է խաթարել աշխատանքների բնականոն ընթացքը: Մարզպետը հորդորել է փոխել աշխատաոճը, կրճատել չարդարացված ծախսերը և ուռճացված աշխատակազմերը, ծախսերը նպատակաուղղել բնակիչների հոգսերը թեթևացնելուն, փնտրել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ: Գարիկ Սարգսյանը հավելել է նաև, որ հարկավոր է 2019 թվականի համայնքային բյուջեները կազմել այնպես, որ կառավարության կողմից համաֆինանսավորվող ծրագրերին մասնակցելու հնարավորություն ստեղծվի և նշել, որ մարզպետարանը պատրաստակամ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15